ՃՆՇԵԼ ԷԻՆ ԶԻՆՎՈՐԻՆ՝ ԽԵՌԱԽՈՍՈՎ ԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել՝ զինվորների կողմից դիրքում քնելու պատճառով առաջացած խոսակցություններին, ինչից հետո զինվորներն ինքնասպան են լինում:

 

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ զինվորին ճնշել են, եւ ահա երեկ քննչական կոմիտեն հայտնեց, որ  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ. Ե.-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ. օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ տարբեր օրերի, անձնակազմի ներկայությամբ պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է. Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։

Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ.-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում եւ ինքնասպան եղել:

Իսկ թե ինչի համար է նվաստացրել, նախաքննական մարմինը չի նշել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դիրքում քնելու թեման ու հեռախոսով խոսելու հարցը դարձել է պատճառ, որ ժամկետային զինծառայողին հասցրել են ինքնասպանության:

Այս տարվա 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ. Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն. Խ.-ի հասցեին:

Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ եւ լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը՝ մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ինչո՞վ է զբաղված ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի Կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը, իրավապահ համակարգը, երբ բանակում արդեն քանի անգամ է՝ զինվորները վերջ են տալիս իրենց կյանքին, քանի որ դիրքում քնելու թեման դարձել է ժամկետային զինծառայողներին նվաստացնելու, ճնշելու պատճառ, ու ժամկետային զինծառայողներն իրենց ամրակցված զենքերով ինքնասպան են լինում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՎԱՐՈՒՅԹ՝ ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում է.  այս անգամ թիրախում Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանն է։ ՀՀ արդարադատության նախարարությունը կրկին կարգապահական վարույթ է հարուցել Վահե Միսակյանի նկատմամբ։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով, իբրեւ դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։

ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։ ԲԴԽ կայքից տեղեկանում ենք, որ միջնորդության քննությունը նախատեսված է սեպտեմբերի 17-ին։

Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ, դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետեւաբար, չի բացառվում, որ խնդիր է դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու։

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԹԱՐ

2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ:

Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:45-ի սահմաններում, MERCEDES մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող ZIL մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետեւանքով MERCEDES-ի ուղեւորներից մեկը՝ 10 տարեկան աղջիկ երեխան, մահացել է տեղում, իսկ 3 ամսական տղան՝ «Արարատ» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին (վերջիններս վարորդի զավակներն են)։ Իսկ վարորդը եւ 2 ուղեւորներ, որոնցից մեկը՝ վարորդի կինը, մյուսը՝ 5-ամյա դուստը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Մոր վիճակը ծայրահեղ ծանր է, դստեր վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքի առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացվել է դեպքի վայրի եւ վթարված ավտոմեքենաների զննություն: Ստուգվել է վարորդների սթափությունը եւ պարզվել է, որ նրանք գտնվում են սթափ վիճակում:

Նշանակվել են դիակների դատաբժշկական, ինչպես նաեւ ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Ավտովթարի հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ, անհետաձգելի քննչական եւ վարութային գործողություններ։

 

 

ԱՀ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երեկ դատարանը որոշեց ոստիկանների միջոցով ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին ծանուցել ներկայանալ դատարան:

Նույն օրը Կենտրոնի դատարան էր ներկայացել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանը, նրան մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության մեջ:

Վերջինիս գործով դատարան պետք է ներկայանային ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, սակայն վերջիններս չէին ներկայացել:

 

 

ՆԻՍՏ՝ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՎ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնեց. «Ի պատասխան Դավիթ Հարությունյանի կողմից` իր լիազորությունների դադարեցման հարցի վերանայման խնդրանքով ԲԴԽ ներկայացված միջնորդության քննության վերաբերյալ մի քանի լրագրողների հարցադրումների` տեղեկացնում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ նշված հարցը ընդգրկվել էր 2024 թվականի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում:

Նիստի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի իր միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է:

Միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված՝ Խորհուրդը որոշել է այն քննության առնել գրավոր ընթացակարգով՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 16:30-ին:

Նշված օրը տեղի կունենա ԲԴԽ նիստը, որտեղ գրավոր ընթացակարգով, այսինքն, առանց կողմերի մասնակցությամբ, ԲԴԽ զեկուցող անդամը կներկայացնի գործի մանրամասները եւ զեկույցի ներկայացման արդյունքում ի հայտ եկած հարցադրումները գրավոր կուղղվեն Դավիթ Հարությունյանին»:




Լրահոս