ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հոկտեմբերի 26-ի՝ Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստում Երեւանի փոխքաղաքապետ նշանակված Սուրեն Գրիգորյանը 2024 թվականին նոր բնակարան է հայտարարագրել։

 

32-ամյա փոխքաղաքապետը 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ չունի որեւէ անշարժ գույք, սակայն 2024 թվականին ներկայացրած, 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտների համաձայն՝ ձեռք է բերել հիփոթեքով բնակարան։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43 մլն 70 հազար դրամ։ Հենց այստեղից էլ տեղեկանում ենք, որ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 42 մլն 812 հազար դրամ։

Սուրեն Գրիգորյանը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։

Մինչ փոխքաղաքապետ լինելը Սուրեն Գրիգորյանը Երեւանի ավագանու անդամ է եղել, 2021 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ որպես պատգամավոր։

Մինչ այդ Գրիգորյանը զբաղվել է փաստաբանական առանձնապես ոչ լուրջ աշխատանքով եւ, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, եղել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, Արամ Օրբելյանի «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության իրավաբան։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 121 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 65 մլն 614 հազար դրամ։

Գրիգորյանի եկամուտներից 19 մլն 91 հազար դրամն աշխատանքի վարձատրությունն է ՀՀ «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, 43 մլն 92 հազար դրամը հիփոթեքային վարկն է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից։

Գրիգորյանը նշված հիփոթեքով բնակարանի համար ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 430 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Սուրեն Գրիգորյանը նաեւ փոխառություն է ստացել 2 մլն դրամ Ռաֆիկ Գրիգորյանից։

Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 միլիոն 211 հազար դրամ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԱԺ-Ն 325 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՏՎԵԼ «ԴՎԻՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻՆ

«Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն դարձել է ՔՊ-ականների սիրելի վայրը համաժողով, գիտաժողով կամ կոնֆերանս անցկացնելու համար։ Հենց նման ներկայացուցչական ծառայությունների համար էլ ՀՀ Ազգային Ժողովը «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ին տրամադրել է 325 մլն 908 հազար դրամ՝ սեպտեմբերի 12-14-ը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացման համար։

Հետաքրքիրն այն է, որ պայմանագիրը թերթելիս հանդիպում ենք ուշագրավ գնումների. օրինակ՝ հյուրանոցի ներսում 180 դրոշ տեղադրելու համար հատկացվել է 9 մլն 360 հազար դրամ, իսկ հյուրանոցի կառույցների վրա դրոշների առկայության ապահովումն արժեցել է 495 հազար դրամ։

Համաժողովի ընթացքում օգտագործվող 6 ամբիոնն արժեցել է 969 հազար դրամ։ Սեղանների եւ սավանների ապահովումն արժեցել է 4,5 մլն դրամ։ Համաժողովի ընթացքում թարգմանիչների համար նախատեսել են 17 մլն 757 հազար դրամ։

Նշված գումարի մեջ ներառված է նաեւ գովազդային ծառայությունները՝ գրեթե 3,5 միլիոն եւ ավելի։ Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացման համար նախատեսված 350 էկո պայուսակներն արժեցել են 1 մլն 50 հազար դրամ, 5000 էկո բաժակն արժեցել է 110 հազար դրամ, 350 էկո թերմոսն արժեցել է 2 մլն 450 հազար դրամ, 350 հազար հատ գրիչը՝ 175 հազար դրամ, նոթատետրերը՝ 329 հազար դրամ։ Բրոնզե 300 մեդալներն արժեցել են 6 մլն դրամ։

Համաժողովի մասնակիցների եւ անձնակազմի սննդի ապահովումն արժեցել է 63 մլն դրամ։

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի փակման հանդիսավոր արարողության համար հատկացվել է 6,1 մլն դրամ, իսկ երեկոյին հանդես են գալու Արման Մարգարյանը, Միքայել Ոսկանյանը, Կամո Սեյրանյանը, «Ռելաքս Փրոջեքթ»-ը, Բերդ պարային համույթը։

Հիշեցնենք, որ «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի սեփականատեր Արտակ Թովմասյանը 2020-2021 թվականներին ակտիվ ընդդիմադիր քայլեր էր իրականացնում, քաղաքականության մեջ ներգրավվելու հայտարարություններ  անում։ 2020 թվականի դեկտեմբերին մեծ աղմուկով սպիտակ վրաններ տեղադրեցին եւ Հայաստանը փրկելու քայլեր էին ձեռնարկում։

Աստիճանաբար իշխանական ճնշումների արդյունքում Արտակ Թովմասյանը հեղափոխվեց սպիտակ վրանների գաղափարից եւ դարձավ ներկայիս իշխանությունների սիրելին։

 

 

ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԱՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

«Եթե դուք ասում եք, որ Արցախի լուծարման փաստաթուղթը վավեր չէ, ինչի՞ էիք ամեն ինչ անում, որ Արցախի ժողովուրդը դուրս գա Արցախից», – դիմելով ընդդիմությանը՝ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Ասեիք՝ վավեր չէ, ինչո՞ւ էիք համոզում, որ հանձնեն Արցախը։ Ինչո՞ւ գնացիք դաշնակներով նախագահ ընտրեցիք, ով լուծարեց։ Ես ձեր տրամաբանությունը չեմ հասկանում, դուք հասկանո՞ւմ եք։ Հիմա ընդդիմությունը մեզ առաջարկում է, որ մենք հանդիպենք Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի, պատգամավորների հետ։ Ես առանձնապես ցանկություն չունեմ հանդիպելու ԼՂ պատգամավորների հետ, դուք լսե՞լ եք, թե նրանք ինչ լեքսիկոնով ու ինչ բառամթերքով են խոսում ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ մեծամասնության մասին։ Խայտառակություն։ Ու դուք մտածո՞ւմ եք, որ մենք իրենց հետ պետք է հանդիպե՞նք։ Իրենց հետ առաջին հերթին պետք է իրավապահ մարմինները հանդիպեն»,-հայտարարեց նա։

 

 

ԲԼԻՆՔԵՆԸ  ԿԱՅՑԵԼԻ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ Բրիտանիա, նա երկրի իշխանությունների հետ կքննարկի ռազմական համագործակցությունն ու Ուկրաինային օգնությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ շաբաթ օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։

Աերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը «սեպտեմբերի 9-10-ը կայցելի Միացյալ Թագավորություն, որտեղ ռազմավարական երկխոսություն կսկսի» երկու երկրների միջեւ։

«Լոնդոնում պետքարտուղար Բլինքենը կհանդիպի նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու կարեւոր թեմաներ, այդ թվում՝ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, AUKUS-ի գործընկերությունը, Մերձավոր Արեւելքը եւ Ուկրաինային աջակցելու մեր ընդհանուր ջանքերը», – նշվում է փաստաթղթում։

 

 

ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը օրերս ZDF-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը արդեն եկել է։

Շոլցը նշել է, որ հիմա եկել է պահը, որ պետք է քննարկել՝ ինչպես կարելի է դուրս գալ պատերազմական վիճակից եւ հասնել խաղաղության։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ինքը եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայն են, որ Ռուսաստանը եւս պետք է մասնակցի խաղաղության համաժողովին, որն ամեն դեպքում տեղի է ունենալու։

Մինչ Շոլցը նման հայտարարություններ է անում, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հաջորդ շաբաթ մասնակցել զորավարժությունների։

Հավելենք, որ Վլադիմիր Պուտինը նաեւ հանդիպումներ է ունենալու ՌԴ անվտանգության խորհրդի անդամների եւ կառավարության անդամների հետ։ Հարկ է նշել, որ Վլադիմիր Պուտինը BRICS-ում Ռուսաստանի նախագահության շրջանակներում հանդիպումներ կանցկացնի։




Լրահոս