ԱՆ-Ն ԵՎ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԻՆԸ՝ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-11-ը Երեւանում տեղի է ունենում «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովը:

 

Այս տարի համաժողովը նվիրսված է 5 հիմնական թեմայի, դրանք են ստեղծվող միջազգային կարգեր, լոգիստիկա եւ տրանսպորտ, կանաչ անցում եւ էներգետիկայի ապագան, թվային հասարակությունները որպես կայուն եւ ապահով տնտեսական շարժիչ, աշխատանքի ապագան:

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, համաժողովին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանը իր կնոջ հետ եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ուշադրություն դարձնելով թեմաներին՝ նկատում ենք, որ համաժողովի ժամանակ չկա որեւէ առողջապահական թեմա, որը կարող էր առնչվել Անահիտ Ավանեսյանի հետ,  ու այս անգամ կրկին փորձում է հաճոյանալ ՀՀ վարչապետին՝ աչքաթող անելով առողջապահական մի շարք հարցեր:

Նույն կերպ զարմանալի է Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի ներկայությունը համաժողովին: Նկատելի է, որ բոլոր նախարարները եկել են միայնակ, իսկ Արարատ Միրզոյանը իր կնոջ հետ, թեպետ նա նույնպես որեւէ աղերս չունի համաժողովի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի  մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ հասկանալու՝ ինչ կապ ունի Անահիտ Ավանեսյանը համաժողովի հետ, վերջինս ասաց. «Տիկին նախարարը ստացել է հրավեր եւ մասնակցել է միջոցառմանը: Նա քաղաքական, հանրային գործիչ է, եւ արտառոց բան այստեղ չեմ տեսնում: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ այլ նախարարներ, նրա՞նց էլ եք հարցնելու՝ ինչու են մասնակցել, թե՞ դարձյալ թիրախում Անահիտ Ավանեսյանն է»:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաեւ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հետ հասկանալու համար՝ Արարատ Միրզոյանի կինը ինչպես է հայտնվել այնտեղ, եւ նա ինչ կապ ունի համաժողովի հետ, սակայն այդպես էլ մեզ չհաջողվեց կապվել նրանց հետ, քանզի «Ժողովուրդ» օրաթերթի զանգերն անպատասխան էին մնում:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՎԱՐՉԱԽՄԲԻ ԱՅՑԸ ԿԱՆԱԴԱ ԱՆՑԱՆԿԱԼԻ Է

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կանադա այցելության առիթով.

«Միջպետական հարաբերությունների զարգացման շրջանակներում սեպտեմբերի 25-30-ը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ պատվիրակության այցելությունն Օտտավա։ Մտահոգիչ է տեղեկանալ, որ Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում ներառված են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամները՝ առանց ընդդիմության պատգամավորների: Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբակցության ըննդիմադիր պատգամավորները միտումնավոր դուրս են մնացել այս պատվիրակությունից։ Այս երեւույթն ինքնին ժողովրդավարական կանոնակարգի խախտում է։

Ժողովրդավարության տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրավունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելությունը ողջունելու մտադրություն չունի կանադահայությունը: Գործող վարչախմբի՝ ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի օգտագործմամբ գործելաձեւը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։ Այս բոլորը դատապարտելի արարքներ են ժողովրդավարության դրոշակակիր Կանադայում ապրող ժողովրդի համար։

Վարչախմբի կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետեւանքով աններելի նահանջ է արձանագրվում մեր ազգային կենսական շահերի նկատմամբ։ Արցախի հիմնախնդիրը վերստին միջազգային օրակարգ բերելու հնարավորության ուղիների որոնման հետամուտ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները խափանող Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական գործող վարչախումբը հետեւողական զիջումներով, սահմանազատման ապօրինի եւ անձնատվողական գործընթացով, դարձել են թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի կամակատարը։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն իրավունք չունի որոշելու Արցախի կարգավիճակի ճակատագիրը եւ նախորոշելու Հայաստանի ինքնիշխան սահմանները, եւ առ այդ, վերստին դատապարտելով իրենց ազգակործան ընթացքը, առաջիկա օրերին Կանադա ժամանող վարչախմբի կազմը նկատվում է անցանկալի պատվիրակություն»,-ասված է հայտարարության մեջ։

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանին եւ Անույշ Խուդավերդյանին նույնպես զրկեցին մանդատից (տե՛ս ավելի մանրամասն էջ 2):

Այս անգամ գործընթացի նախաձեռնողը «Հանրային ձայն» խմբակցությունն էր:

Ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշմանը կողմ քվեարկեցին ՔՊ, «Հանրային ձայն» եւ «Հանրապետություն» խմբակցությունները, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը:

Մանդատից զրկվեց նաեւ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը:

Այս որոշմանը կողմ քվեարկեց ավագանու 33 անդամ:

Գործընթացը նախաձեռնել էր ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարատ Թոխյանը:

Հիշեցնենք, որ որպես մանդատից զրկելու հիմնավորում ասվում է, որ նա մեկ նստաշրջանի ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի կեսից:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

440 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Շվեդիան Կիեւին հատկացրել է 4,6 միլիարդ շվեդական կրոն (440 միլիոն դոլար) օգնության նոր փաթեթ։ Այս մասին ասվում է Շվեդիայի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Շվեդիայի կառավարությունը ներկայացրել է Ուկրաինային ռազմական օգնության 17-րդ փաթեթը, որը կազմում է 4,6 միլիարդ շվեդական կրոն։ Այն ներառում է նյութական նվիրատվություններ, գնումներ արտադրության կարիքների համար, նյութական միավորներ եւ ֆինանսական ներդրումներ», – նշվում է փաստաթղթում։

Հստակեցվում է, որ օգնության փաթեթը ներառում է Robot System 70 հրթիռային համակարգեր, վեց CB90 դասի մարտական նավակներ եւ այլն։

 

 

 

ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին կոչ է արել ամեն ինչ անել Գազայի հատվածում զինված հակամարտությունը դադարեցնելու եւ Հորդանան գետի Արեւմտյան ափում ներկայիս սրումը դադարեցնելու համար։

Այս մասին նա հայտարարել է Կահիրեում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։

«Տարածաշրջանում շարունակվող էսկալացիան մեծ վտանգ է ներկայացնում։ Միջազգային հանրությունը եւ ԵՄ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրեն համաձայնության հասնելու Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու եւ Արեւմտյան ափում էսկալացիան դադարեցնելու համար։ Միայն դա կօգնի նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արեւելքում եւ վերականգնել տարածաշրջանային կայունությունը», – Եգիպտոսի նախագահի խոսքերը «ֆեյսբուք»-ի իր էջում մեջբերել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։

Եգիպտոսի նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է համարում որքան հնարավոր է շուտ դադարեցնել հումանիտար աղետը Գազայում։

Բորելն էլ իր հերթին խորին երախտագիտություն է հայտնել Եգիպտոսի իշխանություններին նման կրիտիկական փուլում Մերձավոր Արեւելքում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի համար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում էսկալացիայի մակարդակը նվազեցնելու նպատակով։

 

 




Լրահոս