Շուրջ 2 տարի ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կինը՝ Դիանա Դավթյանը, որդիները՝ Արսեն եւ Ալբերտ Արզումանյանները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը։
Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջիններս պահանջում են, որ դատարանը ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի՝ 2023 թ. հուլիսի 12-ի «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը վերացնի:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Պն-ն պահանջում է ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ընտանիքն ազատի Գ. Հասրաթյան փողոցի 25/6 շենքի բնակարանը: Արդյունքում, դատարան ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ է եղել:
Մասնավորապես ՊԲ նախկին հրամանատարի պաշտպանները միջնորդել են ՀՀ պաշտպանության նախարարությանը ձեռնպահ մնալ ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի՝ 12.07.2023թ. թիվ 36/2088 ծանուցման մեջ նշված՝ Միքայել Ալբերտի Արզումանյանին և նրա ընտանիքի անդամներին Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի 25/6 շենքի 3 /երեք/ սենյականոց թիվ 35 բնակարանն ազատելուն ուղղված գործողություններ կատարելուց:
Միջնորդությամբ նշել են՝ հայցի ապահովման միջոց կիրառելու դեպքում պատշաճ կապահովվի և չի դժվարանա հայցի հնարավոր բավարարման ելքով կայացվելիք դատական ակտի կատարումը, իսկ հակառակ պարագայում՝ էական վնաս կհասցվի հայցվորներին, քանի որ բնակարանն ազատելուց հետո նրանք կմնան անօթևան և, այլ ծախսեր կատարելով, պետք է գտնեն բնակվելու համար օթևան:
Հաշվի առնելով հայցվորի պահանջի բնույթը՝ Դատարանն արձանագրում է, որ հայցի տեսական բավարարման դեպքում գործով կայացվելիք դատական ակտի կատարումը կարող է դառնալ անհնարին, մասնավորապես՝ այն կարող է այլևս չծառայել իր նպատակին, հայցվորները կարող են կորցնել ներկայացված պահանջի բավարարման նկատմամբ իրավական շահագրգռվածությունը, ինչի արդյունքում չի իրացվի դատական պաշտպանության դիմելու նպատակը:
Վերոգրյալ հիմնավորումներով Դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր է, և այն պետք է բավարարել:
Միքայել Ալբերտի Արզումանյանի, Դիանա Յուրիի Դավթյանի, Ալբերտ Միքայելի Արզումանյանի, Արսեն Միքայելի Արզումանյանի անունից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել՝ արգելել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թիվ 35 բնակարանն ազատելուն ուղղված գործողություններ կատարելը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան