ՔՈՉԱՐԻ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՄԱՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Երվանդ Քոչարի ձեւավորած «Սասունցի Դավիթ» էպոսի 7 պատկերազարդման շոշափելի կրկնօրինակները։ 1939-ին Քոչարը ձեւավորել է «Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական հրատարակչությունը. գուաշով ստեղծված 7 նկարը Վարպետը գծագրել է քարե հարթաքանդակների տեսքով՝ «Կռիվը առյուծի հետ», «Սասունցի Դավիթը ձիու հետ», «Դավիթը ոսկու կոտով խփում է Կոզբադուն», «Դավիթը ձիու վրա», «Դավիթը հոտաղ», «Դավթի կռիվը Մսրա Մելիքի հետ», «Բերդի անվանադրումը»։

 

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծված շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Պատկերը կկարողանան «տեսնել» կույր եւ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ։

Շոշափելի պատկերազարդը ապահովված է տիֆլոմեկնաբանությունով (7 կտավի ձայնագրված նկարագրությունով. զուգահեռ ընթերցվում է նաեւ էպոսի այն հատվածը, որը ներկայացված է պատկերում), Բրայլի այբուբենով ներկայացված տեղեկատվությամբ, QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանության հղումով։

Տիֆլոմեկնաբանությունները ձեւավորվում են համապատասխան երաժշտությամբ. նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, ով, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաեւ որպես նախագծի գլխավոր փորձագետ։

Տիֆլոմեկնաբանությունները կարդում է Բաբկեն Չոբանյանը։

Նախագծի արդյունքում ստեղծված շոշափելի պատկերազարդումները փոխանցվել են Երվանդ Քոչարի թանգարանին։  Նախագիծն իրականացնում է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համագործակցությամբ։

««Խոսող կտավներ» ներառական նախագծի գլխավոր նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր կերպարվեստի աշխարհ ներգրավելն է։ Մենք ուզում ենք կույր եւ թույլ տեսողություն ունեցող մարդկանց հնարավորություն ընձեռել՝ ծանոթանալու կերպարվեստին, օգնել նրանց «տեսնելու» հայ վիզուալ արվեստի վարպետների գլուխգործոցները, լսել եւ պատկերացնել նկարին եղած ամեն մանրամասները, որոնք նրանք չեն կարող տեսնել իրենց աչքերով։ Մենք ուզում ենք, որպեսզի մեր՝ տեսողությունից զուրկ հայրենակիցները, այցելելով պատկերասրահները, իրենց դուրս մնացած չզգան մի հասարակությունից, որը հաշվի չի առնում իրենց իրավունքը՝ «տեսնել» նկարները հաշմանդամություն ունեցող անձին հասու միակ միջոցով՝ մատներով դիպչելով հայտնի նկարի շոշափելի պատճենին եւ տիֆլոմեկնաբանությունը լսելով»,- նշում է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռեւազովան։

Նշենք, որ նախագծի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են Ալեքսանդր Թամանյանի «Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի» շոշափելի կրկնօրինակը, Մարտիրոս Սարյանի վեց գործերի՝ Պաննո «Հայաստան», «Արագած», «Կոստանդնուպոլսի շները», «VII դարի Կարմրավոր եկեղեցին. Աշտարակ», «Դեպի աղբյուր», «Երեւանյան բակը գարնանը» շոշափելի կրկնօրինակները, ինչպես նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ. «Սեւանի Աստվածամայր» (անհայտ հայ նկարիչ), «Հայաստան» (Մարտիրոս Սարյան), «Հացը լեռներում» (Գրիգոր Խանջյան), «Խնոցի» (Մինաս Ավետիսյան), «Կոմիտաս. Վերջին գիշերը» (Սարգիս Մուրադյան) եւ «Սալոմե» (Վարդգես Սուրենյանց): Նախագիծը շարունակում է իր ընթացքը։

Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում:

Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը WADA-ի Հիմնադրամի խորհրդում ներկայացված առաջին պետությունն է:

«Առաջարկը ստացել եմ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայից: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում արված փոփոխություններն ու բյուջեի ավելացումը: WADA-ում տեսնում են, որ մենք մաքուր սպորտի կողմնակից ենք եւ այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք իրականացնում: Թե՛ մեր պետության, թե՛ անձամբ ինձ համար մեծ պատիվ է ներկայացվել Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդում»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ ուժերի ներածին չափով նպաստելու է մաքուր սպորտի տարածմանը:

 

 

 

«ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ» ՍԻՄՖՈՆԻԿ ՊՈԵՄԸ

Սեպտեմբերի 23-ին` ժամը 19:30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եղել է Արամ Խաչատրյան համերգասրահում՝ «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի երկրորդ համերգին: Ծրագրում հնչեցին թավջութակի համար գրված երկու ստեղծագործություններ՝ Ալեքսեյ Շորի Թավջութակի թիվ 1, Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի կոնցերտները, որոնք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեցին գերմանացի հայտնի թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը։

Ուշագրավ է, որ «Արմենիա» միջազգային փառատոնի համերգային ծրագրերում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ հայ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչները. համերգային յուրաքանչյուր օր ունկնդիրը կարող է վայելել հայկական դասական երաժշտության ստեղծագործություններ։

Սեպտեմբերի 23-ի համերգին երաժշտասերները ունկնդրեցին նաեւ Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը։ Այն հազվադեպ է հնչում եւ հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն նմուշներից է։ Էդվարդ Միրզոյանը «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը գրել է երիտասարդ տարիքում։ 1941 թվականին կոմպոզիտորն այն ներկայացրել է որպես կոնսերվատորիայի ավարտական դիպլոմային աշխատություն։

«Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմում հեղինակը հնչյունների միջոցով պատկերել է հայկական գյուղական կյանքն իր կոլորիտով ու գունեղ երանգներով, կերտել Սաքոյի կերպարն ու բացահայտել նրա ապրումները։

Համերգային երեկոն ղեկավարել է Գերմանիան եւ Եգիպտոսը ներկայացնող հայտնի դիրիժոր Նաբիլ Շեհատան։

«Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

 




Լրահոս