«ՆԱԻՐԻՏ»-Ի ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐՆ ՈՒ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ»-ում պետական միջոցների խոշոր չափերի` 31 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակության վերաբերյալ Հարություն Առաքելյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին ու ԶԼՄ-ներին բաց նամակ է տարածել: Նամակում մասնավորապես ասվում է.
«2006թ-ին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի` պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ մարքեթինգ» կազմակերպության, 20.000 ֆունտ ստերլինգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը:
«Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությունը, «Մեժգոսբանկ»-ում գրավ դնելով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նվեր ստացված «Նաիրիտ» գործարանի բաժնեթղթերի 90 տոկոս փաթեթը, ստացել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, որից միայն 39 միլիոն ԱՄՆ դոլարն է մուտք արել ՀՀ պետական բյուջե, մնացած 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրն անհայտ է:
Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006թ-ին «գործարքին» իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել հիմնականում հետեւյալ պատասխանատու անձինք, որոնց հարցաքննությունը կպարզի իրողությունը.
-Տիգրան Սարգսյան` որպես ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, որը միաժամանակ հանդես է եկել որպես «Մեժգոսբանկ»-ի խորհրդի նախագահ, քանի որ ԱՊՀ Կենտրոնական բանկերի նախագահները ռոտացիոն կարգով ստանձնում էին այդ պաշտոնը 6 ամսվա կտրվածքով,
-Վահան Մելքոնյան` միաժամանակ «Մեժգոսբանկ»-ի ներկայացուցիչ եւ «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն, ինչպես նաեւ օֆշորային «Օտֆորդ մարքեթինգ» կազմակերպության սեփականատերն է, որի կազմի մեջ է մտնում «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» դուստր կազմակերպությունը,
-Անդրե Նարսիսյան` «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության երեւացող սեփականատեր, Ֆրանսիայի քաղաքացի, ըստ լուրերի` մահացել է 2006 թվականի տարեվերջին,
-Անատոլի Տուրկաձե` «Մեժգոսբանկ»-ի նախագահ, պաշտոնական դիրքի չարաշահման համար հեռացված է աշխատանքից,
-Սերգեյ Կուլիկով` «Մեժգոսբանկ»-ի փոխնախագահ, հարուցվել է քրեական գործ նրա եւ ընտանիքի անդամների հանդեպ, քանի որ «Մեժգոսբանկ»-ի վարկավորած կազմակերպությունները հիմնականում պատկանում էին Կուլիկովի ընտանիքի անդամներին,
-Նատալյա Բլագովա` Կուլիկովի եղբոր կինը, «Մեժգոսբանկ»-ի վարկային պայմանագրում ստորագրել է «Նաիրիտ»-ի 70 միլիոն ԱՄՆ դոլար ծավալի վարկային ծրագիրը ստանլու համար,
-Արմեն Մովսիսյան` ՀՀ էներգետիկայի նախարար, 2007թ. «Նաիրիտ» գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ,
-Աշոտ Սարգսյան` «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ըստ մամուլի հրապարակումների` իրականացնում է գործարանի ֆինանսական շարժի վերահսկողություն:
(Նշված են եւս մի քանի անուններ ՌԴ-ից)
Եզրակացություն
Համաշխարհային շուկայում մենաշնորհային դիրք գրավող «Նաիրիտ» գործարանի հանդեպ կանխամտածված իրականացվել է արտադրական հզորությունների փոշիացման` սննկացման կանխամտածված գործառույթ, որի արդյունքում շահել են «Նաիրիտ» գործարանի մրցակիցները:
2006-2011թթ. ժամանակահատվածում մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ իրականացվեց կանխամտածված «անգրագետ» ղեկավարում, կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվեցին 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, եղան հրդեհներ ու պայթյուններ, եղան զոհեր:
Այսօր էլ շարունակվում է ՀՀ սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի կանխամտածված սննկացումը, եւ նշվածի ապացույցն արտադրության համար պիտանի սարքավորումների հազարավոր տոննաների հասնող ծավալների վաճառքի փաստն է վերջին օրերին` մետաղի ջարդոնի տեսքով (առաջին խմբաքանակն արդեն վաճառվել է):
«Նաիրիտ»-ի գործարքի ռուսաստանցի մասնակիցների նկատմամբ ՌԴ դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր, պետականացվել է նրանց գույքը, սակայն նույն գործարքի հայաստանյան պատասխանատուները մինչ օրս խուսափել են քրեական պատասխանատվությունից, քանի որ զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը կառավարության կայքը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ կառավարությունն ու արդարադատության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել են մի գրություն, որտեղ Հ.Առաքելյանը փորձում է սպառնալ եւ շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին:
Հաղորդագրությանը կցված էր նաեւ Հ.Առաքելյանի նամակը, որով նա սպառնում է ինչ-որ փաստաթղթեր հրապարակել, եթե իրեն չվերականգնեն ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում:




Լրահոս