Իսպանիայում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած աղետալի հեղեղումներից հետո 89 մարդ դեռ անհետ կորած է: Այս տվյալները նոյեմբերի 5-ի երեկոյան հրապարակել է տարերքից ամենաշատը տուժած Վալենսիայի Ինքնավար Համայնքի կառավարությունը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն:
Պաշտոնական տվյալներով՝ Իսպանիայում ջրհեղեղը խլել է 215 մարդու կյանք, որոնցից 211-ը՝ Վալենսիայում։ Սակայն 62 մարդու աճյունը դեռ չի ճանաչվել։ Իշխանությունները չեն բացառում, որ դրանց թվում կարող են լինել այն անձինք, որոնց հարազատները մինչև այժմ փնտրում են նրանց որպես անհետ կորած։
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ լույս հոկտեմբերի 30-ի գիշերը Վալենսիայի մի շարք շրջաններում 1 քառ. մ-ի վրա ավելի քան 300 լիտր անձրև է տեղացել։ Չիվա փոքրիկ գյուղում այս ցուցանիշը կազմել է 1 քառ. մ-ի վրա 491 լիտր, որը համապատասխանում է տարածաշրջանում տեղումների տարեկան ծավալին։ Ջրի ու ցեխի հզոր հոսքերը քանդել են կամուրջները և քշել-տարել մարդկանց, մեքենաներ և նույնիսկ ամբողջ տներ։
Հեղեղումների պատճառ դարձած հորդառատ անձրևներ են տեղացել նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Բալեարյան կղզիներում, Անդալուսիայում, Կաստիլիա-Լա Մանչայում և Կատալոնիայում։ Այժմ եղանակն այնտեղ զգալիորեն բարելավվել է։