Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՀ-ի նոր կազմն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրոպական միության մի մասը: Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է ֆոն դեր Լայենը՝ նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստում ԵՀ-ի անդամության թեկնածուներին ներկայացնելով վերջնական հաստատման համար։
Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ Եվրահանձնաժողովը կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ-ին անդամակցությանը և կանցկացնի անհրաժեշտ բարեփոխումներ։
«Եվրոպայի հանձնառությունն այս երկրներին էլ ավելի ուժեղ կլինի…. Եվ մենք այդ երկրներին կաջակցենք գործընթացի յուրաքանչյուր փուլում՝ հիմնված արժանիքների վրա, մինչև նրանք պատրաստ լինեն միանալու մեր միությանը», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Դրա հետ մեկտեղ ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ նոր կազմի Եվրահանձնաժողովում Եվրամիության ընդլայնման համար պատասխանատվությունն ստանձնելու է սլովենուհի Մարտա Կոսը։