ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ N3 ՏՄԱԿ-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգված Երեւանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնը նոր շունչ է ստացել։ 1956 թ-ին շահագործման հանձված շենքը մինչ այժմ լայնածավալ վերանորոգման չէր ենթարկվել։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ՊՈԱԿ-ի ամբողջական վերանորոգման համար 45 միլիոն դրամ է տրամադրել։ Կենտրոնի հիմնական գործառույթն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում շենքում կատարվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, տեղադրվել են եվրոպական արտադրության ջերմամեկուսիչ դռներ ու պատուհաններ, կենտրոնի դահլիճը համալրվել է ամբողջական գույքով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը որակյալ կրթությունը զարգացման առաջնահերթ նախապայմանն է համարում։

 

«Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում կրթության զարգացմանը, ամրապնդմանը եւ ուրախ է աջակցել կենտրոնի վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներին։ Կարծում եմ, որ միջավայրն իրոք մեծ ազդեցություն ունի կրթության որակի վրա, հուսով ենք, որ սաները եւ մանկավարժները սիրով կայցելեն եւ հաճելի միջավայրում կկազմակերպեն ուսումնական գործընթացը», – նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը:

Մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանի խոսքով կենտրոնն ուսումնաօժանդակ դեր է տանում. «Կենտրոնում ոչ թե սովորում են, այլ աջակցություն են ստանում այն երեխաները, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, երեխաներ, որոնց հետ աշխատում են, անհատական պարապմունքներ են անցկացնում հատուկ մանկավարժները, լոգոպեդները, սոցիալական մանկավարժները նաեւ հոգեբանները։ Եվ այդ պարապունքների արդյունքում մենք կարողանում ենք երեխաների մոտ առկա որոշակի դժվարությունները կրթության մեջ շտկել, կանոնակարգել։ Իհարկե, չափազանց ուրախալի է, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը՝ հանձին Վահագն Բադալյանի, հանձ առավ այս կարեւոր առաքելությունը՝ հիմնանորոգում կազմակերպելու եւ այստեղ աջակցություն ստացող երեխաների համար բարեկարգ միջավայր ապահովելու գործառույթը։ Նմանատիպ բարեգործական միջոցառումներն ի շահ եւ ի նպաստ երեխաների են։ Իհարկե, շատ կարեւոր է նաեւ բարեկարգ աշխատանքային պայմաններ մեր 90-ից ավելի աշխատակիցների համար», – նշել է Գոռ Մսրիկյանը:

Կենտրոնի վերաբացման արարողությանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառման ընթացքում կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանը շնորհակալագիր է հանձնել Վահագն Բադալյանին՝ բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու եւ կարեւորագույն նշանակություն ունեցող հիմնանորոգման խնդրի լուծումը հանձն առնելու համար։

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հնդկաստանի Քերալա նահանգում տեղի ունեցող միջազգային կինոփառատոնի (International Film Festival of Kerala), որի այս տարվա ուշադրության կենտրոնում է Հայաստանը, բացման արարողությանը մասնակցել է Հնդկաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Մարատ Մելիքյանը։

Նախատեսված հայկական ֆիլմերի ցուցադրության ցանկում տարբեր օրերի համարընդգրկված են կինոռեժիսորներ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի», Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս», Էդգար Բաղդասարյանի «Յաշան եւ Լեոնիդ Բրեժնեւը», Մարիա Սահակյանի «Փարոս», Միքայել Գուրջյանի «Ամերիկացին», Սերժ Ավետիքյանի «Lost in Armenia», «The Parajanov Scandal», Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմերը։ Փառատոնի բացմանը ելույթներով հանդես են եկել Քերալայի նահանգապետ Պինառայի Վիջայան (Pinarayi Vijayan), հայտնի հնդիկ դերասանուհի Շաբանա Ազմին (Shabana Azmi), հոնգկոնգյան դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Անն Հեյը եւ այլք։

 

 

«ԳՈՅ» ԹԱՏՐՈՆՆ ՍԿՍԵԼ Է ԻՐ ԱՐՇԱՎՆԵՐԸ

«Գոյ» թատրոնը երեկվանից սկսում է նոր արշավ, որի մասին ավելի վաղ հայտնել էին։

«Բացե՛ք «ԳՈՅ»-ի դռները» արշավը «ԳՈՅ» թատրոնի փակ դռները կրկին բացելու մասին է։ Այս արշավով թատրոնի անձնակազմը կոչ է անում հանրությանը թատրոնի փակ դռան դիմաց նկարահանել տեսանյութ կամ լուսանկար, որին կից պետք է լինի, թե ինչու է կարեւոր տվյալ անձնավորության համար թատրոնը։

Հավելենք, որ դեկտեմբերի 8-ին լրացավ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության 36-րդ տարեդարձը։

«Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց բեմադրվեց նաեւ ներկայացում, եւ այդ օրը նաեւ հայտարարվեց 1 ամիս տեւած բողոքի նստացույցի ավարտի մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինֆորմացիոն ձեւով հանրային «ճնշումներ» են սպասվում։

 




Լրահոս