2025 թվականից մայրաքաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման վճարը կթանկանա: Երևանում 251 հազար 635 բնակարան կա, եթե մինչև հիմա աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, ապա 2025-ից այն կհաշվարկվի՝ ըստ մակերեսի, 1 քառ/մ-ի դիմաց՝ 13 դրամ:
2024 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը, հղում անելով Վիճակագրական կոմիտեի 2023-ի տվյալներին, նշել է, որ Երեւանում 251 635 բնակարան կա, որից 52 641-ը՝ մեկ, 85 073-ը՝ երկու, 91 829-ը՝ երեք, եւ 22 092-ը՝ չորսսենյականոց եւ ավելի։
«Միջինում մեկսենյականոց 35 քմ մակերեսով բնակարաններում ապրում է 1-3 անձ։ Եվ եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, փոփոխության դեպքում վճարումը կկազմի 455 դրամ, այդ նույն սկզբունքով երկուսենյականոցի համար 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա վերաբերում է բնակարաններին։ Իսկ անհատական բնակելի տների մասով աճը մի փոքր ավելի է լինում. միջինում՝ 180 դրամ»,- ասել էր Հակոբյանը։
Ստացվում է, որ օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում 100 քմ բնակարան ունեցող միայնակ բնակվող քաղաքացին, նախկին 200 դրամի փոխարեն աղբահանության համար կվճարի 6,5 անգամ ավելի թանկ։
Փոխարենը տրանսպորտի գնի բարձրացմանը զուգահեռ հանվեն բնակֆոնդից գանձվող պարտադիր վճարները, թանկացնում են գույքահարկը, աղբահանության համար նախատեսված պարտադիր վճարը։
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մարդիկ միայն աղբահանության համար չեն վճարում, դա իր մեջ ներառում է նաև սանմաքրման վճարը, նա հավելել է, որ 2025 թվականին, օրինակ, ավելի քան 600 մլն դրամով սանմաքրման նոր մեքենաներ է Երևանը գնելու, այդ գումարներով վարձատրվելու են նաև սանմաքրմամբ ու աղբահանությամբ զբաղվող ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
Ստացվում է, որ Երևանը պահում է երևանցին, Երևանում ապրող դիլիջանցին, հրազդանցին, արարատցին և այլ քաղաքներից աշխատանքի և ուսման նպատակով եկած քաղաքացիները։
Օրինակ՝ եթե ուսանողը վարձով տուն ձեռք բերի Երևանում, ստիպված կլինի այսուհետ ավելի թանկ վարձ վճարել, քանի որ ամեն թանկության հետ, նոր գնաճ է նկատվելու։ Անգամ աղբի վճարի բարձրացումը ազդելու է տների վաճառքի և վարձակալության արժեքի վրա։
Էմմա Միքայելյան