Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, առկա են դրվագային դեպքեր։ Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Բացատրելով, թե ինչ է համակարգային կոռուպցիան, Գալյանը խոստովանել է, որ կոռուպցիա այնուամենայնիվ կա, բայց այն կրում է դրվագային բնույթ։
«Բարեբախտաբար, մենք ունենք այնպիսի պետություն, որ որևէ նախարար, փոխնախարար կամ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող այլ անձ երաշխավորված չէ, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվի և հակառակը՝ երաշխավորված է, որ կսկսվի։ Եվ այդ մասին խոսում են այն օրինակները, որոնք մենք այսօր ունենք։ Իհարկե, դրվագային կոռուպցիա կա, բայց թույլ տվեք ասել, որ այն եղել է մշտապես հասարակության ծագմանը և զարգացմանը համընթաց։
Կարծում եմ, որ կոռուպցիան այնպիսի երևույթ է, որ կա բոլոր երկրներում, ուղղակի դրանց ծավալներն են տարբեր։ Կարծում եմ նաև, որ սա մի արատավոր երևույթ է, որը շարունակելու է լինել։ Բայց պետության խնդիրը նվազագույն մակարդակի բերելն է, և դա է պատճառը, որ մենք շարունակաբար փորձում ենք զարգացնել ներգործության միջոցներն ու գործիքները»,- ասել է Գալյանը։