Առաջարկվել է անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար սահմանել ընդհուպ ցմահ ազատազրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է էականորեն խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսվող պատիժը։

Նախագծում նշվում է, որ իրականացված վերլուծությունները վկայում են, որ նկատվում է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի շարունակական աճ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվում են ամենօրյա ստուգումներ՝ նոր բացված, անվանափոխված եւ փակված թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային «խանութներ» հայտնաբերելու համար: Այս պահի դրությամբ վարչության ծառայողների տեսադաշտում են գտնվում թվով 620-ից ավելի խանութներ կամ ալիքներ: Խանութներից բացի կան նաեւ 100-ից ավելի զրուցարաններ, որտեղ հիմնականում իրականացվում է թմրամիջոցների գովազդ:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում: Նախագծում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն՝ բարձրացնելու տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը:

Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Ընդ որում, 2024 թվականի ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 252 դեպք, որոնցից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 190-ը՝ ձեռքբերման: Ուստի, նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք:

Բացի այդ, հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող մի շարք հանցատեսակների վտանգավորությունը, այդ թվում՝ բնակչության առողջությանը հասցվող վնասի համատեքստում, անհրաժեշտ է որոշ հանցատեսակների պարագայում խստացնել պետության քրեաիրավական արձագանքը՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքների իրական հանրային վտանգավորության աստիճանին եւ բնույթին»,- ասված է նախագծում:

Նախագծով նախատեսվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերելի հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը լրացնել:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ եւ 402-րդ հոդվածների 2-րդ մասերում ծանրացնող հանգամանք է սահմանվել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 393-րդ եւ 394-րդ հոդվածների 3-րդ մասերում որպես առանձնապես ծանրացնող հանգամանք է սահմանվել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը:

Նախագծով թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելու կամ ներգրավելու համար արարքը ծանրացնող հանգամանքների թվում սահմանվել են նաեւ անձի անօգնական վիճակն օգտագործելով հանցանքը կատարելու վերաբերյալ կարգավորումներ:

Բացի այդ, նախատեսվել է խստացնել որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը) առաջարկվում է նախատեսել պատիժ՝ 5-8 տարի ժամկետով ազատազրկում: ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով (Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, խոշոր չափերով, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում, ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ ուսումնական հաստատությունում կամ դրա հարակից տարածքում, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախատեսել պատիժ՝ 8-12 տարի ժամկետով ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով (Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ  առանձնապես խոշոր չափերով՝ անչափահասի ներգրավմամբ) նախատեսել պատիժ՝ 14-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով  (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) նախատեսել պատիժ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, նույն հոդվածի 2-րդ մասով (Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է խոշոր չափերով, ինչպես նաև տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախատեսել պատիժ՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով (Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) նախատեսել պատիժ՝ 4-8 տարի ժամկետով ազատազրկում:




Լրահոս