Մեծն քնարերգուն կամ հայ Կուպիդոնը․ փաստեր՝ Վահան Տերյանի կյանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրո մասին ամենանուրբ և խորը զգացմունքներով գրողը թերևս Վահան Տերյանն է։ Տերյանի ձեռագիրն իր մեջ այնպիսի նրբություն ունի, որ ամենակոպիտ մարդու քարացած սիրտն էլ կարող է փափկեցնել։

ArmLur.am-ը ներկայացնում է Վահան Տերյանի կյանքից որոշ փաստեր, և ինչպես են արտահայտվել հայ մեծերը գրողի մասին։

Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, քանի որ այն համոզմունքին էր, որ ավելի լավ է միանգամից կուշտ փորով մի բանն ուտել, քան տասն անգամ «համը տեսնել»։ Մի օր, երբ Տերյանի հայրը լիքը սայլով ձմերուկ է բերել տուն, դա տեսնելով, Վահանը ուրախությունից սկսել է ծիծաղել և թռչկոտել։ Տերյանի հայրը, սակայն, երեխայի ծիծաղը վերածում է լացի․ փոքրիկ Տերյանը ապտակ է ստանում հորից։ Հայրը Վահանի սիրտը շահելու համար վերջինիս նստեցրել է ձմերուկներով լի սայլի մեջ։

-Տե՛ս, էս բոլորը քոնն է, բալաս՛։-

-Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։

-Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։

Վահան Տերյանը ծնողների 12-րդ երեխան էր։ Վերջինիս ծնողները կորցրել էին չորսին, կենդանի մնացածներից չորսն աղջիկ էին՝ Աշխենը, Թագուհին, Նախշունը, Հեղինեն, իսկ չորսը տղա՝ Ղազարը, Արամը, Ներսեսը, Վահանը։ Վահանը եղել է տղաներից ամենափոքրը։

Ինչպես հայկական բոլոր ընտանիքներում, այնպես էլ Տերյանների ընտանիքում ամենափոքր երեխան ամենասիրվածն ու երես առածն է եղել, ինչի մասին փաստել է անգամ Տերյանի ավագ եղբայրը՝ Ղազարը, ով ասել է․

«Վահանը եղբայրներիցս ամենափոքրն էր, դրա համար էլ տան ամենասիրելին ու երես տվածը։ Սակայն, չնայելով դրան, նա շատ սուսիկ տղա էր ու չէր օգտվում իր արտոնյալ դրությունից։ Կազմվածքով լիքը, թմբլիկ ու կարմրաթուշ, բնավորությամբ մեղմ ու սակավախոս, մանկությունից սիրում էր նա մենությունն ու իր «անուրջներով» տարվելը»։

Եթե խոսենք Վահան Տերյանի արդեն հասուն տարիքից, երբ սկսել է իր բուն ստեղծագործելը, ապա պետք է տեղափոխվել 1908 թվական։ 1908 թվականի լույս է տեսել Տերյանի առաջին ժողովածուն՝ «Մթնշաղի անուրջները», որը Թիֆլիսում արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների շրջանում։

Տերյանի և իր ստեղծագործության մասին հայ մեծերը ունեն իրենց հեղինակավոր, կարևորագույն և գեղեցիկ կարծիքները։

Օրինակ Ստեփան Զորյանն ասել է․ «Վահան Տերյան․․․ այն բանաստեղծը, որը հայ լեզուն հասցրել է զարմանալի նրբության ու կատարելության՝ տալով նրան արտահայտելու մոգական կարողություն, նա, որի երգերն իրենց անկեղծ, լուսեղեն զգացումներով ու հմայիչ երաժշտականությամբ դյութում են ամեն մի կիրթ մարդու․․․»։

Շատերի կողմից սիրված գրող Պարույր Սևակն էլ իր հերթին ասել է․ «Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն… Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:

Ավետիք Իսահակյանն ասել է․ «Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտաեվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթմեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:

Հովհաննես Շիրազն ասել է․ «Այո՛, այսօր էլ մեր հոգին կարոտ է Վ. Տերյանի լուսեղեն երգին։ Այն անհրաժեշտ է մեր բարդ ու տագնապալի դարաշրջանի մարդուն։ Եվ այժմ էլ նա մշտապես այցելում է մեզ՝ շռայլորեն պարգևելով կարոտանք ու սեր, անմար երազներ ու ցնորքներ։ Սա է բանաստեղծի իսկական անմահությունը»։

Մեծն քնարերգուն կամ ինչ-որ մեկի համար, գուցե, հայ Կուպիդոնը, եթե մեր օրերում ապրեր, ապա կկարողանար միավորել շատերի սրտերը, սակայն ֆիզիկապես իր չլինելը չի նշանակում, որ իր ստեղծագործությունները չեն կարող միավորել մարդկանց։

Աննա Սրապիոնյան




Լրահոս