Հայ ազգը մեծանուն մարդկանց պակաս չունի, եւ կարելի է ասել, որ դա հայ ազգի այցեքարտերից մեկն է։
Հայ մեծերից Պարույր Սեւակը 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատարն է, ում տողերը մինչ այժմ էլ շարունակում են մնալ արդիական։ Սեւակի հատկապես սիրային ստեղծագործությունները անտարբեր չեն թողնում մարդկանց եւ կարող են այնպես փոթորկել հոգին, որ երկար ժամանակ հնարավոր չլինի հասկանալ, թե ինչ է կատարվում։
Այս տարի հունվարի 24-ին նշվեց մեծանուն գրողի 101-րդ տարեդարձը:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է գրողի կյանքից հետաքրքիր դեպքեր։
Պարույր Սեւակը տան միակ երեխան էր, եւ նաեւ դրա շնորհիվ է վայելել ծնողների մեծ սերն ու ջերմությունը։ Սեւակը մեծագույն սիրով էր սիրում իր մորը, ում անվանում էր Ազի։ Ավելի ուշ Պարույր Սեւակը իր մոր մասին գրել է. «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, ամանի ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
Պարույր Սեւակը գրել եւ կարդալ սկսել է 5 տարեկանից, դպրոցի ուսուցիչը, նրա ունակությունները նկատելով, թույլատրել է Պարույրին օրինական ձեւով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով դպրոցական մատյանում։
Պարույր Սեւակի ազգանունը Ղազարյան է։ Նրան Սեւակ ազգանունով կնքել է արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը, որը պատմել է հետեւյալ պատմությունը. «Պատերազմի տարիներին խմբագրում էի ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները: Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաեւ գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սեւակ, Պարույր Սեւակ: Չէ՛, շատ լավ է հնչում» Այս կեղծանունը տրվեց ի պատիվ արեւմտահայ բանաստեղծ Ռուբեն Սեւակի: Ինչ վերաբերում է անվանակոչությանը. գրողի անունը տվել է նրա կնքահայրը՝ այգեգործ Խաչատուր Մադոյանը՝ Մադոյենց Խաչատուրը, որը նորածնի անունը Պարույր է դրել՝ ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն էր եղել ինքը։
Այսպիսով էլ հայ ազգն ունեցավ մեծանուն բանաստեղծ, անզուգական Պարույր Սեւակին։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նաեւ գրողի հուշերից:
«-Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս. վարժապե՞տ։
-Բա ի՞նչ,- պատասխանում էի ես։
-Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը։
-Բա ո՜նց։
-Էհ, կուրանամ ես, չելա՜վ…
-Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ։
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ էր։ Նա, բնական է, չգիտեր ո՛չ «գրող», ո՛չ էլ «բանաստեղծ» բառերը։ Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի եւ գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը։ Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը։ Ուստի եւ իմ «Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ» հարցին պատասխանում էր.
-Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ։
Ես՝ գաղտնիքս մեծ – ինքս փոքրիկ, արդեն վաղո՜ւց համոզված էի (ո՛չ թե երազում էի, այլ համոզվա՛ծ էի), որ դառնալու եմ «էն «Գիքորը» գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ… Աստված։ Եվ կյանքիս առաջին մեծ զարմանքն էր, թե որտեղի՞ց մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն։ Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես…»։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ChatGPT-Ի ՉԻՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԽՈՒՃԱՊ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Չինական DeepSeek ընկերությունը թողարկել է անվճար չաթբոտ, որը խուճապ է առաջացրել Սիլիկոնային հովտում ներդրողների շրջանում, ինչպես նաեւ մի շարք թեստերում գերազանցել է ամերիկյան Open AI ընկերության ChatGPT արհեստական բանականության հավելվածը, գրում է bbc.com-ը:
Արհեստական բանականության չինական DeepSeek-R1 հավելվածը դարձել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Չինաստանում Apple App Store-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող անվճար հավելվածը:
Դրա շուրջ առաջացած մեծ հետաքրքրությունը փաստացի մարտահրավեր է նետում լայն տարածում գտած համոզմունքին, որ ԱՄՆ-ն արհեստական բանականության ոլորտում անվիճելի առաջատարն է:
ԱՄՆ ռազմածովային ուժերի աշխատակիցներին արգելվել է թե՛ անձնական, թե՛ գործնական հարցերում օգտվել չինական նոր DeepSeek արհեստական բանականության հավելվածից՝ «դրա օգտագործման հետ կապված անվտանգության հնարավոր խնդիրների պատճառով», գրում է cnbc.com-ը:
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը:
Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2025.hesc.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին:
Գրանցման վերջնաժամկետն է 2025 թվականի մարտի 3-ը:
Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման եւ դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչեւ 2 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը եւ արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը: Եզրափակիչ փուլին կորոշվի յուրաքանչյուր անվանակարգի «Լավագույն նախագիծ» մրցանակը, ինչպես նաեւ միջազգային գիտատեխնիկական փառատոններին մասնակցող նախագծերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել [email protected] էլ. փոստին կամ զանգահարել (+374 10) 599-620 հեռախոսահամարով: