![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025-02-06_16-13-37.jpg)
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2025 հունվարի 27-ին ՝ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը՝ Մտավ Օրինական ուժի մեջ Վճռով Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար), ինչպես նաև 56 միլիոն 667 հազար դրամ (շուրջ 141 հազար ԱՄՆ դոլար ) և 50 հազար եվրո:
Պարզվել էր, որ Սուրեն Գաբրիելյանը գեղանկաիչ է ու դեռ ավելին մահացել է: Հայտնել էինք, որ դեռ տարիներ առաջ նա իր նկատմամբ իրավապահների գործընթացների արդյունքում հիվանդանոցից փախել էր ու լքել էր Հայաստանը: Վերջինիս կինը Կարինե Ավագյանը բացառիկ զրույց է ունեցել ArmLur.am-ի հետ ու ներկայացրել է, թե ինչ գույք է պետությունը ցանկանում խլել իրենցից:
«Դատախազությունը հակակոռուպցիոնի մասով այս հայցը ներկայացրել է հիմնվելով ամուսնուս՝ Սուրեն Գաբրիելյանին առաջադրված փողերի լվացման գործի վրա, որը հարուցվել էր դեռևս 2013-ի աշնանը։ Այդ գործով նրա մեղավորությունը մինչ այժմ ապացուցված չէ։ Երբ նրան ձերբակալեցին նշանակված դատաբժշկական բոլոր փորձաքննությունները ցույց էին տալիս, որ նրա մոտ առկա հիվանդությունների պարագայում նրան չեն կարող կալանավորել, այլ բուժում է անհրաժեշտ արտերկրում, խոսքը մասնավորապես լյարդի փոխպատվաստման մասին է, չհաշված շաքարային դիաբետը, սրտի և այլ հիվանդությունները։ Սակայն օրենքով սահմանված այդ պահանջը չկատարվեց և նա ստիպած էր մի քանի ամիս հետո փախչել հիվանդանոցից, ուր նրան տեղափոխել էին կալանավայրից։ Այնուհետև նրան հաջողվել էր հատել Վրաստանի սահմանը, որտեղ նրան բժշկական օգնություն ցուցաբերեցին, սրտի անվճար ստենտավորում արեցին։ Հայաստանից պահանջում էին նրան արտահանձնել, սակայն Վրաստանի իրավապահ մարմինները գտան, որ առաջադրված մեղադրանքները անհիմն են և չարտահանձնեցին։ Շվեյցարիայում մի ընկեր ուներ, ով իրեն կանչեց իր մոտ որպեսզի բուժման հարցերով զբաղվեն և իրեն նախապատրաստեն լյարդի փոխպատվաստմանը։ Ամուսինս ուկրաինական անձնագրով և այլ անուն ազգանունով էր կարողացել հատել Շվեյցարիայի սահմանը։ Այնտեղ նա սկսեց բուժումներ ստանալ, բայց ցավոք չհասցրեց փոխպատվաստմանը՝ 2016 թվականի մարտի 29-ին մահացավ Շվեյցարիայում։ Ամուսնուս մահվանից հետո սկսած 2019թ-ից աղջիկս բազմիցս պաշտոնապես դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ քննչական, ԱԱԾ և այլն, որպեսզի նրան մահացած ճանաչեն։ Ուկրաինական անձնագրի և հայկական անձնագրի նկարների փորձաքննություն ենք կատարել, որի արդյունքում պարզվել է, որ երկու նկարներում պատկերված մարդիկ միևնույն մարդն են, տրամադրել ենք այն հասցեն, որտեղ նա մահացել է, այն հիվանդանոցի անունը, որտեղ բուժվել է։ Մեզ անհասկանալի պատճառներով այդպես էլ ոչինչ չարվեց։ Արդեն ասացի, որ հակակոռուպցիոնի այս գործը հիմնված է փողերի լվացման գործի վրա։ Ամուսինս ոչ պաշտոնյա է եղել, ոչ մեծահարուստ օլիգարխ, սակայն ինչպես հասկանում եմ դատախազությունը գտել է մի մարդու, որի հարազատներից ենթադրաբար հեշտ կլինի ինչ-որ բան պոկել, քանի որ չենք կարող նախկին ու ներկա պաշտոնյաների նման 5-6 պաշտպան վարձել մեր իրավունքները պաշտպանելու համար։ Այստեղ ես ակնհայտ անարդարություն եմ տեսնում, առաջինը այն մասով, որ ո՛չ դատարանները, ո՛չ քննչական մարմինները ամուսնուս մահացած չեն ճանաչում, այսինքն այս գործը բացել են մահացած մարդու վրա, նրա մահից հետո։ Ամեն անգամ դատարանից ծանուցում է գալիս Սուրեն Գաբրիելյանի անունով և մենք ամեն անգամ դրանք հետ ենք ուղարկում, ասելով, որ անձը մահացած է, կարող եք հարցում անել և համոզվել։ Անցյալ տարի Շվեյցարիայի համապատասխան մահվան բյուրոյից կարողացանք ստանալ մահվան փաստը հաստատող փաստաթուղթ, որը ներկայացրել ենք դատարան և քննչական մարմիններին, որպեսզի դրա հիման վրա իրեն ճանաչեն մահացած, սակայն էլի ապարդյուն։ Ես արդեն մտածում եմ, որ մի ներքին պայմանավորվածություն կա մարդուն չճանաչել մահացած, չանդրադառնալ այդ հանգամանքին, քանի որ դա իրենց հիմա ձեռնտու չէ։ Այս գործով ամուսնուցս պահանջում են իր անունով գրանցված առանձնատուն և գումար, որոնց վերաբերյալ ուզում են մենք պարզաբանում տանք։ Մենք ասում ենք այդ մարդը մահացած է, եթե համարում եք մահացած չէ, ապա այդ դեպքում իրեն գտեք թող ներկայանա ինքն անձամբ պարզաբանում տա իր գումարների ծագման մասին, մենք ինչպես կարող ենք իր փոխարեն պատասխանել։ Նա փակ մարդ էր, իր գործերի մասին միայն ինքը գիտեր։ Այդ առանձնատան գնման մասին էլ շատ ուշ ենք իմացել։ Այնտեղ մեզնից ոչ ոք գեթ մեկ օր չի բնակվել։ Ես անձամբ չեմ այցելել, բայց արված նկարներից տեսնում եմ, որ կիսավեր վիճակում է գտնվում հիմա։ Մեզ համար աբսուրդ է ու անհասկանալի այն, որ այս գործում որպես պատասխանող ներգրավվել են աղջկաս և ի թիվս այլ պահանջների ցանկանում են առգրավվել նաև իրենց տունը։ Ասում են գտնում ենք, որ դա Սուրեն Գաբրիելյանն է գնել, այնինչ դա եղել է հարսանեկան նվեր փեսայիս հարազատների կողմից, ինչի մասին ևս հայտնել ենք դատարանին։ Հորեղբայրները գրավոր ձևով հավաստել են այդ փաստը։ Բնակարանը գնվել է այս իրադարձություններից շատ ավելի վաղ, այսինքն մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Ինչպես հասկանում ենք, փորձել են որքան հնարավոր է մեծ պահանջ ներկայացնել, որ գոնե ինչ-որ բան վերցնեն։»,- պատմեց մահացածի կինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան