Ահազանգ․ քաղաքացուց խոշոր գումար են կորզել ու անհետացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քաղաքացիներն ահազանգում են, որ Երվանդ Քոչարի 17/1 հասցեում գտնվող EuroJob consulting ընկերությունը խաբեությամբ է զբաղվում։

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին պատմել է, որ դեռ մի քանի տարի առաջ է դիմել ընկերությանը, որպեսզի մեկնի արտագնա աշխատանքի՝ ընտանիքին ֆինանսապես ապահովելու համար։

«Ես ու իմ նման շատ քաղաքացիներ խաբվել ենք EuroJob consulting ընկերության կողմից։ Մի քանի տարի առաջ դիմել եմ այդ ընկերությանը, քանի որ ուզում էի մեկնել արտագնա աշխատանքի, որ ֆինանսապես ապահովեմ ընտանիքիս։ Պայմանագիր եմ կնքել նրանց հետ, ըստ որի՝ փաթեթի արժեքը 600․000 դրամ է։ Դեսպանի մերժելու դեպքում այդ ընկերությունը պետք է պահում անի 120․000 դրամ, իսկ մնացած գումարը պետք է հետ վերադարձնի ինձ, բայց այդպես էլ իմ գումարը հետ չեն տալիս, անընդհատ խաբում են ինձ»,- ArmLur.am-ին պատմեց ահազանգած քաղաքացին։

Քաղաքացու խոսքով՝ անգամ համաձայնագիր ունի, ըստ որի իր գումարը պետք է հետ վերադարձնեին 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, սակայն այդպես էլ հետ չեն վերադարձրել։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել EuroJob consulting ընկերության տնօրեն Նարե Հարությունյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ խնդրով պայմանավորված քաղաքացու գումարը հետ չեն վերադարձրել, սակայն վերջինս համառորեն չի պատասխանում ArmLur.am-ի զանգերին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս