Երևանի քաղաքապետարանում շարունակվում են աղմկահարույց ձերբակալություններն ու կալանավորումները։
Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի 7 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 4-ը կալանավորվել են, նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ:
Կալանավորվել են Երևանի քաղաքապետարանի ներկայիս երկու պաշտոնյաներ՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանը և նրա տեղակալ Արամ Այվազյանը, որոնք պաշտոնավարել են Հայկ Մարությանի օրոք։
Իսկ ինչում են մեղադրվում քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով` քաղաքապետարանի այս 4 աշխատակիցներն իրենց սեփական բիզնեսն են ունեցել՝ բրոքերային ընկերություն, ու երկար ժամանակ մարդկանցից կլորիկ գումարներ են վերցրել, որպեսզի տան թղթաբանության հետ կապված հարցերը լուծեն։
Իսկ գործընթացը հիմնականում ղեկավարել է Միքայել Ղիմոյանը, որը դիմորդներից փաստաթղթեր և գումար է վերցրել՝ տունն, այսպես ասած, օրինականացնելու, շինթույլտվություն տրամադրելու համար, սակայն շատ դեպքերում մարդիկ մեծ գումարներ են տվել, հետո գործը չի կատարվել, արդյունքում քաղաքացիներ են տուժել։
Իրավապահ համակարգը տևական ժամանակ բողոքներ է ստացել շատ քաղաքացիներից և դրա հիման վրա ուսումնասիրություն սկսել, բոլոր հետքերը տարել են դեպի քաղաքապետարան։
Քաղաքապետարանի 4 աշխատակից շարունակում են մնալ կալանավորված, իսկ հետքերը տանում են նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ուղղությամբ, ում պաշտոնավարման ժամանակ էլ այս անօրինական գործունեությունն իրականացվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։