10 ուղեւորություն նախատեսող փաթեթի ժամկետը կդառնա 45 օր. ոչ երևանցի թոշակառուները եւս զեղչ կստանան. նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանին այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստում քննարկում է Երեւանում հանրային տրանսպորտի սակագների սահմանման վերաբերյալ որոշման մեջ փոփոխությունների նախագծին:

Հարցը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով նշեց. «Գործող որոշմամբ արտոնյալ տոմսեր տրամադրվում են թոշակառուի կարգավիճակ ունեցող անձանց, որոնք ունեն նաև Երևան քաղաքի հաշվառում: Այժմ նախատեսվում է Երևան քաղաքի հաշվառման պահանջը հանել, այսինքն արտոնյալ սակագներով տոմսեր ձեռք բերելու իրավունք տալ նաեւ Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին»:

Հաջորդ փոփոխությունն այն է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները եւս իրավունք կունենան երթեւեկել անվճար:

«Գործող որոշմամբ նախատեսված է անվճար երթևեկելու հնարավորություն չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող, Երևան քաղաքի հաշվառում ունեցող քաղաքացիների համար: Այժմ առաջարկվում է անչափահասության պահանջը նույնպես վերացնել, այսինքն ավագանու որոշումը ընդունելու շրջանակներում հնարավորություն տալ Երևան քաղաքի հաշվառում ունեցող չորս և ավելի երեխա ունեցող քաղաքացիներին տրամադրել երթևեկելու իրավունքը անվճար անկախ երեխաների տարիքից։

Նաև նախատեսվում է մեկ օր և յոթ օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում երեք ուղևորություն հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից երկարացնել և դարձնել 180 րոպե»,-ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից:

Ըստ նրա, հաջորդ փոփոխությունն այն է, որ 10 ուղեւորություն նախատեսող փաթեթի ժամկետը, որն արժե 1500 դրամ, 30 օրից դարձնել 45 օր: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի որոշման հրապարակմանը հաջորդող օրը:




Լրահոս