ԵԹԵ ԲՀԿ-Ն ՉՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի՛ հայրենակիցներ
Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը աղմկոտ հրաժարականներն ու որոշ պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն են, որոնք արդեն իսկ պատկառելի ցանկ են կազմում։ Ակնհայտ է, որ ռեժիմի ներսում լուրջ վերադասավորումներ են կատարվում, որոնք միտված են ազատվելու նրա գծից շեղվող կամ անհավատարմության նշաններ դրսեւորող տարրերից եւ առաջիկա ընտրություններից առաջ ապահովելու իշխող քաղաքական ուժի միասնությունը, որը նրա գոյատեւման ամենահուսալի, եթե ոչ միակ, գրավականն է։ Ոչ ոք, իհարկե, լուրջ չի կարող ընդունել այն, թե այդ պաշտոնանկություններն ու քրեական հետապնդումները տեղի են ունենում խնդրո առարկա անձանց վատ աշխատանքի կամ նրանց կողմից թույլ տրված օրինազանցությունների պատճառով, որովհետեւ բոլորի համար էլ պարզ է, որ նրանք պատժվում են կա՛մ սեփական խաղեր տալու, կա՛մ էլ գողական աշխարհի կանոնները խախտելու, այն է՝ վերադասին բաժին չհատկացնելու կամ «օբշագից» իրենց իրական եկամուտները թաքցնելու պատճառով…
Եւս մեկ դիտարկում. նախորդ ելույթներիցս մեկում ես ասացի, որ պաշտոնանկությունները շարունակվելու են, եւ իրոք շարունակվեցին։ Հիմա նորից եմ կրկնում՝ չեն դադարելու։
* * *
Իսկ այժմ ուզում եմ բացահայտել մի փոքրիկ գաղտնիք՝ հավատարիմ մնալով բաց քաղաքականություն վարելու եւ հասարակությունից ոչինչ չթաքցնելու Կոնգրեսի որդեգրած սկզբունքին։ Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի հակասությունների հետեւանքով առաջացած նոր քաղաքական իրավիճակի գնահատմանը ես պատրաստվել էի անդրադառնալ դեռեւս նախորդ հանրահավաքում, սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այդ հարցի շուրջ կոնսենսուսի չկայացման պատճառով ժամանակավորապես հրաժարվեցի այդ մտքից։ Թեեւ այսօր էլ կոնսենսուսը դեռեւս բացակայում է, այնուամենայնիվ քաղաքական գործընթացներից ետ չմնալու մտահոգությունն ինձ ստիպում է, թեկուզ ուշացած, արծարծելու հույժ հրատապ այդ հարցը։ Ներքոշարադրյալն, ըստ այդմ, ոչ թե Կոնգրեսի պաշտոնական, այլ իմ անձնական տեսակետն է, հետեւաբար, ես էլ կրում եմ նրա ողջ պատասխանատվությունը։
Իմ ելակետն այս հարցում հետեւյալն է. ՀՀԿ եւ ԲՀԿ հակամարտությունն արդեն կայացած փաստ է, որը ոչ մի լուրջ քաղաքական ուժ չի կարող ուրանալ եւ հաշվի չառնել։ Ի դեմս Բարգավաճի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձեւավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում։ Արդարությունը, սակայն, պահանջում է նշել, որ նման զարգացում ժամանակին գուշակել էր քաղաքագետներից միայն մեկը՝ Արմեն Բադալյանը։ Ի դեպ, իրադարձությունների զարգացման տեսակետից, ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես կավարտվի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հակամարտությունը։ Եթե նույնիսկ վերջինս հերթական անգամ ընկրկի ու հարկադրված լինի առերես վերահաստատել իր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին, միեւնույն է, դա չի նշանակում, որ ինչ-որ պահի կրկին չի հրաժարվի դրանից, թեեւ, իհարկե, այդ տատանումները կարող են բացասաբար անդրադառնալ նրա վարկանիշի վրա։ Իսկ այդ վարկանիշը պարզապես զրոյի կհավասարվի, եթե Բարգավաճ Հայաստանը հստակորեն չսահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից եւ այդպիսով չխուսափի 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից։ ԲՀԿ-ն իր դեմքն իսպառ կկորցնի նաեւ այն պարագայում, եթե, բավարարվելով կրտսեր եղբոր կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններին մասնակցի Հանրապետականների հետ կազմած միասնական ցուցակով։ Ավելի մեծ նվաստացում կամ ինքնաոչնչացման ավելի կարճ ճանապարհ Բարգավաճի համար դժվար է պատկերացնել, քանի որ նա դրանով խաչ կքաշի արժանապատիվ քաղաքական գործոն լինելու իր բոլոր հավակնությունների վրա։
Իհարկե, առայժմ դժվար է գուշակել, թե որքան հեռուն կգնան իշխանական կոալիցիայի ներսում ծագած տարաձայնությունները, բայց եթե պարզվի, որ ԲՀԿ-ն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։ Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Հավատացած եմ, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար։
Հնարավոր շահարկումները կանխելու նպատակով հարկ եմ համարում ավելացնել, որ սա ոչ թե Բարգավաճ Հայաստանին ուղղված համագործակցության առաջարկ է, այլ ընդամենը քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ, մանավանդ որ Կոնգրեսի եւ այդ կուսակցության միջեւ մինչ այժմ որեւէ շփում կամ նախնական քննարկում տեղի չի ունեցել։ Շահարկման մի այլ առիթ կարող է դառնալ եւ արդեն իսկ դարձել է այն, որ Կոնգրեսը թեկուզ տեսականորեն հնարավոր դիտի համագործակցել մի ուժի հետ, որին մինչ այդ ավազակապետության կամ քրեաօլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ մաս է համարել։ Քաղաքականության այբուբենին ծանոթ որեւէ մեկը, սակայն, այս տիպի քննադատությանը լուրջ չի կարող վերաբերվել, քանի որ ցանկացած գերխնդրի, տվյալ պարագայում բռնապետությունը թոթափելու նպատակի շուրջ զանազան ուժերի, անգամ երբեմնի անհաշտ հակառակորդների համագործակցությունը ոչ միայն սովորական երեւույթ է, այլեւ անհրաժեշտ քաղաքական վարքագիծ։ Ուրիշ բան, եթե մեր ընդդիմախոսները բացեիբաց հայտարարեն, որ գերխնդիրը սխալ է, եւ ամենեւին հարկ չկա ազատվելու քոչարյանա-սերժական վարչախմբից։ Այլապես, իրենց անհասկանալի պահվածքով, նրանք հսկայական ծառայություն են մատուցում վարչախմբին։
Այս առումով չպետք է անտեսել եւս մի կարեւոր հանգամանք։ Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենն այդ համակարգի ածանցյալն են, կցորդը եւ սպասարկուն։ Իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ դիտավորյալ կերպով ատելության թիրախ են դարձնում օլիգարխներին՝ հասարակության ուշադրությունն իրենց սեփական հանցագործություններից շեղելու համար…
* * *
Վերջում չեմ կարող չանդրադառնալ մի թյուրիմացության, որը համառորեն տարածվում է որոշ քաղաքագետների ու լրատվամիջոցների կողմից, եւ որի աղբյուրը նախորդ հանրահավաքի իմ ելույթում հնչած հետեւյալ խոսքերն են. «Հայ Ազգային Կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման…» (28.10.2011)։ Որքա՞ն անուղղամիտ պետք է լինել այս պարզ շարադրանքից եզրակացնելու համար, այն էլ մի ահավոր դավադրություն բացահայտածի հրճվանքով, թե իբր Կոնգրեսը հրաժարվել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից եւ որոշել է գնալ հերթական ընտրությունների։ Այնինչ ասվածի իմաստը չափազանց հստակ է, եւ նրանում դավադրություն կամ կրիմինալ փնտրելու միտքը որեւէ առողջ ուղեղում հազիվ թե կարող է տեղավորվել։ Թեեւ դժվար է ավելի հստակ արտահայտվել, բայց հետագա նմանօրինակ ընկալումներից խուսափելու համար, այնուամենայնիվ, փորձեմ։ Երեքուկես տարի շարունակ մենք, այո՛, բոլոր հնարավոր միջոցներով պայքարել ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Այսուհետեւ եւս մենք, նույն համառությամբ ու հետեւողականությամբ, շարունակելու ենք ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար, որովհետեւ համարում ենք, որ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունները ոչ միայն ամենեւին չեն սպառվել, այլեւ, իշխանական ճամբարում առաջացած երկպառակությունների եւ սկանդալային պաշտոնանկությունների հետեւանքով, ավելի են մեծացել։ Բայց եթե, հակառակ մեր թափած բոլոր ջանքերին, արտահերթ ընտրություններ այդպես էլ տեղի չունենան, ինչը, ռեալիստ լինելով, հասկանում ենք, որ բացառված չէ, ապա մենք, բնականաբար, որպես ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, իրավունք չունենք չմասնակցել հերթական ընտրություններին։ Ահա եւ ձեզ՝ ողջ դավադրությունն ու կրիմինալը։
Կոնգրեսը երեքուկես տարի շարունակ եղել եւ այսօր էլ մնում է երկրի քաղաքական կյանքում դրական տեղաշարժերի խթանման գլխավոր, եթե ոչ միակ, գործոնը։ Չունենալով իշխանական որեւէ լծակ, զուտ քաղաքական պայքարի ու ժողովրդական ճնշման միջոցներով, նա կարողացել է իշխանություններին հարկադրել կատարելու օգտակար որոշ քայլեր, որոնք ոչ մի այլ պարագայում նրանք չէին կատարի։ Հիշենք, թեկուզ, քաղբանտարկյալների ազատ արձակման, Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման իրավունքի վերականգնման եւ մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վերաբերյալ տրված պաշտոնական հավաստիացման փաստերը։ Կոնգրեսի մշակած տնտեսական ծրագրի որոշ կարեւոր առաջարկներ լռելյայն տեղ են գտել կառավարության ծրագրերում եւ օրենսդրական նախաձեռնություններում։ Կոնգրեսի համառ հարցապնդումներից հետո իշխանամետ ուժերի ներկայացուցիչները վերջապես սկսել են խոսել Ազգային Ժողովում գործարար-պատգամավորների առկայության անթույլատրելիության մասին (թեեւ ինչու այդ հարցն, ըստ նրանց, պետք է լուծվի ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ, անհասկանալի է)։ Կոնգրեսի կողմից կազմակերպված հոկտեմբերյան շուրջօրյա նստացույց-հանրահավաքի եւ մարտի 1-ի զոհերի հարազատների բողոքի միջոցառումների ճնշման տակ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հարկադրված եղավ էականորեն վերանայելու Հայաստանի վերաբերյալ բանաձեւի նախագիծը եւ խիստ պահանջներ դնելու Հայաստանի իշխանությունների առջեւ, եւս մեկ անգամ ցույց տալով միջազգային կազմակերպությունների որոշումների կախվածությունը համաժողովրդական շարժման ակտիվության աստիճանից։ Կոնգրեսի հետեւողական մերկացումների ու բացահայտումների շնորհիվ միջազգային հանրությունն ընդհանրապես վերջերս զգալիորեն փոխել է իր դիրքորոշումը եւ ավելի լուրջ մտահոգություններ է արտահայտում մեր երկրում մոլեգնող կոռուպցիայի, օրենքի գերակայության բացակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների անմխիթար վիճակի մասին։ Կոնգրեսի ակտիվ գործունեության հետեւանքով բարձրացել է ժողովրդի քաղաքացիական գիտակցությունը, եւ մեծացել ժողովրդավարության կայացման անհրաժեշտության նկատմամբ վերջինիս պահանջարկը։ Եթե կուզեք, աղմկահարույց պաշտոնանկություններն ու իշխանական ճամբարում առաջացած հակասությունները եւս մեծապես արդյունք են Կոնգրեսի գործոնի առկայության։ Եթե Կոնգրեսը չլիներ, ապա ո՛չ այդպիսի պաշտոնանկություններ, ո՛չ էլ իշխանական ճամբարում խաղեր տվողներ կլինեին։ Ինչպես նշված է մամուլի հրապարակումներից մեկում, այդ ցնցումներն իսկապես «համաժողովրդական շարժման գոյության եւ հարվածների արդյունք են» («ՀԱԿ» թռուցիկ-թերթոն, նոյեմբեր, 2011)։ Հավատացնում եմ, Կոնգրեսի՝ որպես երկրի քաղաքական կյանքում վճռորոշ դերակատարություն ունեցող գործոնի, վերը տրված գնահատականը շատ ավելի համեստ է, քան իրականում կա։
Կոնգրեսի գործունեության եւ ժողովրդական զանգվածների գերհամախմբման կիզակետը դառնալու են առաջիկա փետրվար-մարտ ամիսները։ Այս պնդումը, կամ եթե կուզեք, համոզումը հիմնված է ոչ միայն ավազակապետության ներքին ցնցումների տենդենցի խորացման, աղմկահարույց պաշտոնանկությունների շարունակման անխուսափելիության եւ նախընտրական փուլին բնորոշ իրավիճակային ակտիվացման, այլ նաեւ այն ապացուցված իրողության վրա, որ Հայաստանում քաղաքական կյանքի ամենաբուռն շրջանը միշտ էլ եղել է գարունը, ինչը, բացի սեզոնային գործոններից, պայմանավորված է նաեւ որոշ սոցիալական հանգամանքներով, որոնք, բոլորիդ հայտնի լինելով, ավելորդ եմ համարում մանրամասնել։ Մինչեւ գարուն, ինչպես նախորդ հանրահավաքում ասվեց, Կոնգրեսն իր ջանքերը կենտրոնացնելու է գլխավորապես մարզերում տարվող աշխատանքի եւ տարածքային կառույցների գործունեության ակտիվացման վրա, եւ այդ գործն արդեն իսկ ընթացքի մեջ է։ Նկատի ունենալով ձմռանը հատուկ դժվարությունները (իսկ այս ձմեռն, ըստ երեւույթին, խիստ է լինելու), հաջորդ հանրահավաքը, բնականաբար, տեղի կունենա փետրվարին։ Նրա անցկացման կոնկրետ օրը, իրադարձությունների զարգացմանը համահունչ, ձեզ կհայտարարվի լրացուցիչ։ Բայց քանի որ, ինչպես արդեն նշել եմ, միապաղաղ թվացող իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի՝ կապված ոչ միայն հավանական, այլեւ բոլորովին անսպասելի որեւէ իրադարձության հետ, ուստի բացառված չէ, որ հաջորդ հանրահավաքը տեղի ունենա նույնիսկ ավելի վաղ։
Մաղթում եմ՝ լավ տրամադրությամբ դիմավորել Նոր տարին եւ Սուրբ ծնունդը, ձեզ ցանկանալով ամենայն բարիք։ 2012 թվականը թող դառնա հույսի ու արժանապատվության վերականգնման եւ ձեր բոլոր անձնական ու հավաքական իղձերի կատարման տարի։ «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան»։




Լրահոս