ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Մոսկվան շեշտում է ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը՝ հաշվի առնելով դրա բուն պատճառները։ Միաժամանակ նա ընդգծել է, որ բանակցությունները երկարաժամկետ նպատակ պետք է ունենան՝ վերացնելու համար Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև տարաձայնությունների բուն պատճառները, գրում է «Коммерсантъ»-ը։
«Կարծում ենք՝ հնարավորություն կա՝ հասնելու այնպիսի կարգավորման, որն, ըստ մեզ, հաշվի կառնի հակամարտության բուն պատճառները։ Դրա վերաբերյալ բազմիցս նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվ մենք բաց ենք նման իրական բանակցությունների համար», -հայտարարել է Սերգեյ Վերշինինը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում: Խաղաղության հիմնական պայմանների թվում նա նշել է Ուկրաինայի բնակչության «իրենց կրոնական և քաղաքացիական իրավունքների իրականացման իրավունքը»։
Փետրվարի 26-ին Դոհայում անցկացված մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում ռազմական գործողությունների սառեցման հնարավորությունը շփման գծի երկայնքով։ Նման առաջարկ կար նաև Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի ծրագրում, հաղորդում են լրատվամիջոցները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանները անվանել է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքներից, Խերսոնի և Զապորոժիայի շրջաններից, ինչպես նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը:
























