ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԵՂԾ ՀՐԱՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում փետրվարի 20-ից տեղացած առատ ձյունը անհարմարություններ ստեղծեց ոչ միայն մարդկանց տեղաշարժի, դպրոցներ, բուհեր հաճախելու առումով, այլ նաեւ շատ մարդիկ առատ ձյան ու սառույցի պատճառով սահում, վայր էին ընկնում, վնասվում և դիմում հիվանդանոցներ: Առողջապահության նախարարը իր ֆեյսբուքյան էջում փետրվարի 20-ին շտապեց գրել. «տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով՝ անկախ սոցիալական կարգավիճակից:

 

Սակայն ArmLur.am-ը պարզեց, որ 2019 թվականից բազմապրոֆիլ (մեծ) հիվանդանոցներում գործում են ընդունարանի անհետաձգելի բժշկական օգնության բաժիններ՝ «ԷՄԵՐՋԵՆՍԻ», որտեղ անկախ եղանակային պայմաններից եւ քաղաքացիների սոցիալական վիճակից վնասվածք ստացած անձինք, մասնավորապես՝ կտրած վերքեր, հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, անհետաձգելի արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում են ստանում պետական պատվերով, իսկ հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների եւ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները, ըստ ցուցումների, մատուցվում են անվճար սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված պացիենտներին՝ համաձայն ՀՀ ԱՆ 2019 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 44-Ն հարման:

Հիվանդանոցային դեպքերը, բացի վերակենդանացման բաժնում բուժօգնություն ստացողներից, բուժվում են համավճարային սկզբունքով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն փետրվարի 24-ին՝ իր հայտարարությունից 4 օր անց, առողջապահության նախարարը արձակեց լոկալ (ներքին) հրաման, որտեղ ամրագրված է, որ ձյան առատ տեղումների պատճառով վնասվածք ստացած քաղաքացիների դժվարամատչելի հետազոտությունները կիրականացվեն անվճար, ինչպես նաեւ վիրահատության ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաները կտեղադրվեն անվճար՝ պետական պատվերով, սակայն այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը դիմի առողջապահության նախարարությանը: Հրամանում որեւէ խոսք չկա վիրահատությունների ժամանակ քաղաքացիների կողմից վճարվող համավճարի մասին:

Հարկ է նշել, որ հանրությունը այս կարգավորումից անտեղյակ է, եւ ձնառատ օրերին վնասվածք ստացած Հայաստանի քաղաքացիները բժշկական կենտրոններում ԿՏ, ՄՌՏ եւ այլ հետազոտությունների, վիրահատական միջամտությունների համար հիմնականում վճարել են:

Ստացվում է, որ առատ ձյան հետ կապված հանրային դժգոհությունները պարպելու համար քաղաքական թիմին աջակցություն ցուցաբերած առողջապահության նախարարի ֆեյսբուքյան գրառումը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Այն ընդամենը պոպուլիստական հերթական քայլն էր:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

55 ՈՒՍՈՒՑՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ

Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2023-2024 ուսումնական տարվա շեմին եւ ուսումնական տարվա ընթացքում, բուհի դիպլոմ չունենալու պատճառով, աշխատանքից ազատվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատող 55 ուսուցիչ։ Նրանք թեեւ չունեն բուհի դիպլոմ, ունեն միջնակարգ մասնագիտական կրթական հաստատության դիպլոմ, սակայն նրանցից շատերը երկար տարիների մանկավարժական աշխատանքի հաջողված փորձ ունեն։ Բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցիչների աշխատանքից ազատել են, ու հիմա ուսուցիչներ են որոնում, մարզի դպրոցներում բազում թափուր հաստիքներ կան։ Վերջերս ուսուցիչների թափուր հաստիքները զբաղեցնելու մրցույթներ էին հայտարարվել Դիլիջան համայնքի Հովքի եւ Բերդ համայնքի Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցներում։ Սակայն դրանք փաստացի չկայացան, որովհետեւ դրանց  մասնակցողներ չեղան, միայն Վերին Ծաղկավանի ՆԶՊ-ի  ուսուցչի թափուր հաստիքը զբաղեցվեց։ Մարզի հանրակրթական դպրոցներում տարեց, կենսաթոշակառու շատ ուսուցիչներ շարունակում են աշխատել։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ Տավուշի մարզի 76 հանրակրթական ուսումնական հաստատություններում այժմ աշխատում է 227 թոշակառու ուսուցիչ եւ 11 թոշակառու փոխտնօրեն: Տավուշի մարզպետարանից նաեւ հայտնել են, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է ընդհանուր թվով 1634 ուսուցիչ եւ 161 ուսուցչի օգնական: Մարզպետարանից մեր թղթակցին հայտնել են, որ հանրակրթական դպրոցների ուսուցչի մեկ  դրույքաչափը միջինում կազմում է 130 հազար դրամ, կամավոր ատեստավորված ուսուցչի աշխատավարձը՝ 200 հազար դրամ, որին ավելանում է համապատասխան հավելավճար: Տավուշի մարզից որոշ ուսուցիչներ համաձայն չեն դրույքաչափի միջին չափի մասին մարզպետարանի տրամադրած տվյալին. նրանք ասում են, որ Հայաստանի հանրակրթական  դպրոցների 89%-ում ուսուցիչների դրույքաչափը 119 հազար 808 դրամ է։ Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի միջնակարգ դպրոցի հայոց  լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանը ասում  է. «Կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն եւ հավելավճարի իրավունք եմ արձանագրել, սակայն շարունակում եմ ստանալ նախկին աշխատավարձս: 2024 թվականի նոյեմբերի 17-ին եմ հանձնել: Նախարարի հրամանի համաձայն՝ նոր դրույքաչափով վարձատրումը 2025 թվականի հունվարից է նախատեսվում: 2025 թվականի հունվարի աշխատավարձը ստացել եմ նախկին դրույքաչափով՝ առանց հավելավճարի»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս