
Հայաստանյան ժողովրդավարությունն, ըստ բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit հետազոտական կենտրոնի, արդեն երկրորդ տարին անընդմեջ հետընթաց է արձանագրում։ Կազմակերպության The Democracy Index-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2024-ին Հայաստանի ժողովրդավարության համաթիվը 5.35 է եղել՝ գրեթե 5 տոկոսով կամ 0.28 միավորով պակաս 2022-ի ցուցանիշից։ Այս մասիին գրում է «Ազատություն»-ը։
Ի՞նչն է անկման պատճառը: The Democracy Index-ի ղեկավար Ջոան Հոուին «Ազատության» հարցին ի պատասխան պարզաբանեց՝ 2024-ի անկման պատճառը Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշի վատթարացումն է։
«2022 թվականից ի վեր Հայաստանի ընդհանուր ինդեքսային միավորում փոփոխություններ են եղել. երկիրը 2022-ին ունեցել է 5.63 միավոր: Այս ցուցանիշը 2023 թվականի վերջում ընկավ մինչև 5.42՝ այդ տարվա դրամատիկ իրադարձություններից հետո, երբ փլուզվեց Կառավարության և քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությունը: 2024-ի միավորն ավելի է իջել՝ հասնելով 5.35-ի՝ կոռուպցիայի ցուցանիշի վատթարացումից հետո», – ասաց Հոուին:
«Նախորդ տարիների ցնցումներից հետո Կառավարության և քաղաքական ուժերի նկատմամբ հանրության վստահությունը փաստացի փլուզվեց, իսկ 2024-ին հետընթացին նպաստեց նաև կոռուպցիան: Հայաստանը շարունակում է մնալ հիբրիդային ռեժիմ, ցավոք, բազմաթիվ բարեփոխումներ դոփում են տեղում, բացի այդ՝ նկատվում է իշխանության կենտրոնացում վարչապետի ու նրա շրջապատի ձեռքում: Եվ խորհրդարանը հետին պլան է մղվել: Խորհրդարանը պետք է անկախ մարմին լինի, բայց այլևս որպես անկախ մարմին չի գործում Հայաստանում», – ընդգծեց The Democracy Index-ի ղեկավարը:
Չնայած իշխանությունը պնդում է, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ոլորտի փորձագետները չեն բացառում, որ այն հենց համակարգային է:
«Ես, այո, ասել եմ, որ համակարգային կոռուպցիա չկա: Դրվագային կոռուպցիա, իհարկե, կա՝ որևէ մեկը որևէ մյուսի համար, մեկի համար չի կարող երաշխավորել», – հայտարարել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Վերջերս հրապարակված «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի՝ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը դրական 100 առավելագույնից 47 միավոր էր ստացել։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ նույն միավորն է արձանագրում Հայաստանը։ Այս իրավիճակը ոլորտի փորձագետները «լճացում» բառով են բնութագրում։
«Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարը չի բերում այն ցուցանիշներին, որը, թերևս, Կառավարությունը կամ լայն հասարակությունը կուզենար տեսնել: Մենք տեսնում ենք նաև` կոռուպցիոն ընկալումները գնահատող ցուցիչներում մեծ առաջընթացներ տեղի չեն ունենում, այլ ավելի շատ լճացման է նման դինամիկան: Կարծում եմ՝ սրանք այն գործոններն են, որոնք կարող են ազդել համաթվի նվազման վրա», – «Ազատության» հետ զրույցում ասաց Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում