Կառավարության նախաձեռնությամբ երեկ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում անսպասելի ընդգրկվեց եւ առաջին ընթերցման ռեժիմով քննարկվեց էներգետիկայի նախարարության բերած օրենսդրական փաթեթը` «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին», «Համապատասխանության գնահատման մասին» օրենքների մի մեծ խումբ, որն ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվեց մոտ 25 րոպե` 11 անց 25-ից մինչեւ 12-ը` լիագումարի նիստի սկսվելը:
ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ, նախագծերի հարակից զեկուցող Վարդան Բոստանջյանի ելույթից պարզ չդարձավ նույնիսկ` հանձնաժողովը դրակա՞ն, թե՞ բացասական եզրակացություն էր ներկայացրել, քանի որ ինչպես նշեց Բոստանջյանը` դա կարեւոր էլ չէ. «Ոնց որ թե հանձնաժողովը մտածեց` դրական էլ տա, բացասական էլ տա` կարեւոր չէ, որպես արտահերթ նստաշրջանի օրակարգի հարց` այն պետք է մտնի»:
Ամեն դեպքում, մեր տեղեկություններով` թե՛ Վարդան Բոստանջյանը, թե՛ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը զայրացած են կառավարության այս գործելաոճից, երբ նման, ինչպես փոխանցեցին, «թալմուդ» օրենքները, որոնք, բացի բարդ լինելուց, նաեւ մասնագիտական գիտելիքներ եւ մանրակրկիտ ուսումնասիրություն են պահանջում, բերվում են վերջին պահին: Ի դեպ, օրինագիծը երեկ ներկայացնում էր ոչ թե Արմեն Մովսիսյանը, որ շարիկների պատմությունից հետո վարչապետի մուտքերով ու ելքերով է մտնում-դուրս գալիս ԱԺ, այլ ոմն պարոն Բադալյան, որին անգամ պատգամավորները չէին ճանաչում:
Ամեն դեպքում, այդ 25 րոպեներն էլ բավական էին եղել, որ հասկացվեր, թե ինչ վտանգներ կարող է պարունակել նման «շըփթըփ» պայմաններում բերված նախագծերից, օրինակ, «Տեխնիկական կանոնակարգման մասին» նախագիծը: Չնայած ԱԺ ղեկավարությունն ամեն ինչ անում էր, որպեսզի հարցը չքաղաքականացվի, նիստերի դահլիճում ներկա պատգամավորներից շատերն արագ կողմնորոշվեցին, թե ինչ է կատարվել, եւ օրինակ` ԲՀԿ-ական Էռնեստ Սողոմոնյանը հարցրեց իր կուսակից պատգամավորին. «Մի տեսակ թախիծով էիք խոսում ձեր հանձնաժողովի 25 րոպեանոց քննարկման մասին»:
Հ.Գ. Երեկ ԱԺ-ում դեռ օրվա առաջին կեսին էկոնոմիկայի փոխնախարար ՀՀԿ-ական Գառնիկ Բադալյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակից դուրս եկավ այն ժամանակ, երբ վաղուց հնչեցվել էր իր անունը: Անգամ այդ ընթացքում նիստերի դահլիճից դուրս էր եկել եւ Բադալյանին էր փնտրում նրա համերկրացին՝ ծնունդով տավուշցի Գագիկ Մելիքյանը: «Ո՞ւր ես, արա՛գ ներս մտիր»,-փոխնախարարին կշտամբեց Մելիքյանը՝ ԱԺ միջանցքից նրան ուղեկցելով դահլիճ:
ՄԻ ԲՈՒՌ ԹԱԽԻԾ ԵՎ ՀԱՐՑ` ԻՆՉՈ՞Ւ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. Դ.