Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, լրացուցիչ 875 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջիկա մայիս ամսին բնակեցվելիք 400 ազատազրկվածի համար նախատեսված մասնաշենքից զատ այս տարի կառուցվի նույնքան տարողությամբ ևս մեկ մասնաշենք:

Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են գերբեռնված մնալ: 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածի պահման համար նախատեսված 4 նոր մասնաշենքի կառուցումը հրատապ խնդիր է, որը մասնակիորեն կլուծվի կառավարության սույն որոշման իրագործմամբ:

Նիստում հաստատվել է ճանապարհային ոստիկանության արձանագրած խախտումների համար վարչական տուգանքի գանձման, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարման և այլ վճարովի ծառայություններից ստացված  միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը:

ՀՀ ոստիկանապետին թույլատրվել է, մասնավորապես, դրամաշնորհներ հատկացնել «Լուսանշան» ՊՈԱԿ-ին և ոստիկանության վետերանների և  աշխատակիցների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին, իրականացնել գնումներ, այդ թվում՝ ձեռք բերել 14 պարեկային և 37 հատուկ մասնագիտացված ավտոմեքենաներ:

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տարածքներ են հանձնվել «Տնտեսական լրագրողների ակումբ», «Մամուլի ազգային ակումբ», «Սեր, ընտանիք», «ՀՀ պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում», «Աջակցություն բարեփոխումներին» (10 տարով), «Հայկական կարմիր խաչի ընկերություն», «Ֆեմիդա» և «Հակաստվեր» հասարակական կազմակերպություններին:




Լրահոս