Մշակույթի նախարարությունը դեսպաններից անձնագրի տվյալներ է պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը  armlur.am-ի հետ  զրույցում  անդրադառնալով Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի  հակարդարձումներին,  դարձյալ պնդեց, որ Մշակույթի նախարարությունը տվել է ինքնաթիռի  տոմսը, բայց փառատոն գնալը ինքնաթիռի տոմսով չէ:

«Ի վերջո, երկիր ես ներկայացնում, կան բանկետներ, հուշանվերներ, բուկլետներ: Իսկ այդ ամենը ահռելի մեծ ծախսեր են, որի 10 տոկոսն են իրենք վճարել»,- ասաց  Հովհաննիսյանը:

Փառատոնի ղեկավարին  հիշեցրինք` Մշակույթի նախարարությունը 700 դոլարից ավելի է հովանավորել:

«Այդ ավելը վերաբերում է Երևանում անցկացվելիք փառատոներին: Երկու տարին են գումար տվել, մեկ տարին էլ միայն աջակցել են: Իրենց տված գումարը բավարարել է միայն բուկլետների ու փառատոնի նվերների համար: Դա չի ծածկել  ֆիլմերի ցուցադրման սրահի, գովազդների, արտասահմանցի հյուրերի ծախսերը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Արտաշես Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս Մշակույթի նախարարությանը մեկ միլիոն դրամով փառատոն կազմակերպել՝ այն էլ միջազգային մակարդակի:

«Թող Հասմիկ Պողոսյանը փորձի մեկ միլիոն դրամով փառատոն կազմակերպել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  Պողոսյանի այն հայտարարությանը, որ տարեկան  50-70 ֆիլմ փառատոների է մասնակցում, Արտաշես Հովհաննիսյանը  այդ տեղեկատվությունը հավաստի չի համարում, քանի որ Հայաստանում տարեկան այդքան ֆիլմ չի ստեղծվում:

Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ նախանցած տարի Բուլղարիա մեկնելիս փառատոնի տնօրինությանը նախարարությունը  ավտոբուսով երթևեկելու գումարն էր տվել միայն:

«Երկու օր ավտոբուսով ոտքներս ուռած ձևով գնացել ենք  Բուլղարիա»,-ասաց  փառատոնի ղեկավարը` հավելելով, որ իրենց փառատոնը «Ոսկե Ծիրանի» նման կայացած փառատոն է, բայց իրենց  ֆինանսապես չեն աջակցում, իսկ «Ոսկե Ծիրանին» 50 մլն դրամ են տալիս:

Արտաշես Հովհաննիսյանը մեկ այլ դրվագ ևս պատմեց. նախորդ տարի

Մշակույթի նախարարությունը ստիպել է Արտաշես Հովհաննիսյանին  ստացականներ ու անձնագրի տվյալներ վերցնել ՀՀ-ում Լիբանանի ու Անգլիայի դեսպաններից, որ իրենք իրոք փառատոնի շրջանակում ստացել են հուշանվերներ` ականջակալներ. «Ես ասել եմ`անհարմար է, չի կարելի՝ դեսպան մարդիկ են: Դա հանրապետության համար ուղղակի խայտառակություն է: Լիբանանի դեսպանը նույնիսկ հրաժարվեց որևէ տվյալ տալ: Եվ դրսից եկած մի քանի հայ հեղինակներ  հիասթափված գնացին Հայաստանից միայն այն բանի համար, որ իրենք պետք է ստացական գրեին, թե մեդալ են ստացել»:

Արթուր Պողոսյանի  պարզաբանումներն ընդհանուր առմամբ Համաշխարհային ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնի ղեկավարը համարում է խուսափողական, արդարանալու միջոց:

«Ամենակարևոր հարցին չպատասխանեցին` նախորդ տարի UNICA-ի փառատոնին ինչո՞ւ մեզ  չհովանավորեցին, այն դեպքում՝ մենք ոսկե մեդալ շահեցինք»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Սոնա Դավթյան

 




Լրահոս