Անցյալ տարվա մայիսին մայրաքաղաք Նումեայում տեղի ունեցած անկարգություններից հետո հազարավոր մարդիկ լքել են ֆրանսիական Նոր Կալեդոնիա կղզու տարածքը։
Հաղորդվում է, որ մոտ 11․000 մարդ լքել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքը, այդ թվում՝ 1000 բուժաշխատողների 20%-ը, ինչի հետևանքով կղզու առողջապահական համակարգում բուժանձնակազմի պակաս կա, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Դեռևս պարզ չէ՝ կվերադառնան մեկնածները, թե ոչ, սակայն եթե չվերադառնան, դա էապես կազդի 270 հազար բնակչության վրա։ Տեղի ունեցածից հետո յուրաքանչյուր հինգերորդ մարդ գործազուրկ է:
Անցյալ տարվա մայիսի 13-ից ի վեր անդրծովյան ֆրանսիական տարածքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել՝ կապված առաջարկվող ընտրական բարեփոխումների հետ:
Բռնի անկարգությունների հետևանքով զոհվել է 13 մարդ, ինչը դրդել է արտակարգ դրության հայտարարմանը և ֆրանսիական բանակի տեղակայմանը:
Ընտրական կանոնների վերանայման վիճահարույց օրինագիծը թույլ կտա Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր կղզում ապրել են առնվազն 10 տարի, քվեարկել տեղական ընտրությունների ժամանակ:



















































































