ՀԱՐՑ. Շուտով կսկսվեն ձյան առատ տեղումները, եւ արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ մերկասառույցի վրայով ենք երթեւեկելու: Ուզում եմ իմանալ` գոնե այս տարի իշխանությունը պատրաստվե՞լ է, որպեսզի ճանապարհները մաքրվեն ձյունից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստ է ձմռան առատ տեղումներին, հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող 35 ընկերությունները եւս պատրաստ են: Պետական բյուջեից համապատասխան գումար է հատկացվել, եւ այժմ ընկերություններն անհրաժեշտ տեխնիկա, բավարար քանակով կուտակած աղ ու ավազ ունեն, եւ մերկասառույցի հետ կապված որեւէ խնդիր չի կարող առաջանալ: Եթե վարորդներն էլ մերկասառույցի հանդիպեն, կարող են զանգահարել տարածքը սպասարկող ընկերության համարներով եւ հայտնել այդ մասին: Բոլոր սպասարկող ընկերությունների համարները տեղադրված են տրանսպորտի եւ կապի նախարարության կայքում, նաեւ ճանապարհներին են փակցված:
մամուլի քարտուղար Սուսան Տոնոյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ՏԿՆ հույսը վարորդներն են, եւ համապատասխան կառույցը հատկապես նրանց ահազանգելու դեպքում է պատրաստ մերկասառույցը մաքրելու աշխատանքներ ձեռնարկել: Թեեւ այս տարբերակը չարյաց փոքրագույնը կարելի է համարել այն պատճառով, որ սովորաբար ձմռանն ու առատ տեղումներին պատրաստ լինելու խոստումներ տրվում են, մինչդեռ տեղումներից հետո պարզվում է, որ կա՛մ աղն է պակաս, կա՛մ մաքրող մեքենաների թիվը: