2-ամյա սպանված երեխայի հորը հորդորում են չբարձրաձայնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց 2- ամյա Լիա Միսակյանի մահվան գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ Արաբկիր ԲԿ վերակենդանացման բաժանմունքի բժիշկներ Զարինե Այվազյանի և Լիլիթ Վարդանյանի անփույթ և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով 2-ամյա Լիա Միսակյանը մահացել է:

Նիստի ընթացքում վկայություն տվեցին ԲԿ-ի 5 բժիշկներ, որոնք միաբերան նշում էին, որ դեպքի օրը զննել են տուժողին և կատարել են համապատասխան նշանակումները:

Armlur.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդը, հայրը` Գեորգի Միսակյանը համոզմունք հայտնեց, որ բոլոր վկաներն էլ համագործակցում են իրար հետ, և, իր գնահատմամբ, նորմալ է, որ նույն կազմակերպությունում աշխատող մարդիկ իրար դեմ ցուցմունք չեն տա:

«Մարդիկ ինչ որ բաներ են հրապարակում ու հետո դրանց չեն կարում տեր կանգնեն: Ինձ ասում են` մի փորձեք մեղավորներ գտնել, դրանից բան չի փոխվելու, ընդհակառակը, ավելի վատ անդրադարձ կունենա ժողովրդի վրա»,- ասաց երեխայի հայրը` հավելելով, որ իրեն ասել են չբարձրաձայնել հարցի շուրջ, քանի որ դրանից հաստատ ոչինչ չի փոխվելու:

Տուժողի իրավահաջորդը համոզմունք հայտնեց, որ վկա բժիշկներն անհիմն հայտարարություններ են անում, անգամ լրատվության միջոցներին հորդորել են չբարձրաձայնել և չլուսաբանել, քանի որ դեռ ոչինչ հստակ չէ:

«Վկաներն իրավունք չունեն ինչ որ թղթերի տակ ստորագրեն, որտեղ ակնհայտ երևում է, որ սուտ ցուցմունքներ են: Օրինակ, ցուցմունք են տալիս, թե իբր ես ասել եմ` էրեխեն հաց ա կերել էտ վերջին ընթացքում, իբր ասել եմ էրեխու վիճակը շատ լավ էր, բայց ես  էտպիսի բան չեմ ասել, ու դա ակնհայտ սուտ է»,- շարունակելով խոսքն` ասաց Գեորգի Միսակյանը:

Վերջինս նշեց նաև, որ սուտ է բժիշկներից մեկի այն ցուցմունքը, թե երբ երեխան միջանցքում փսխել է, շոկոլադի գույն է եղել զանգվածը, եւ լսել է, որ հայրը շոկոլադ է տվել:

 Տաթև Հարությունյան

 

 




Լրահոս