Դեռեւս 2008թ. նոյեմբերին մամուլով հրապարակում եղավ, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` Կովալը, 150 հազար ԱՄՆ դոլար գումար է վերցրել Հրազդանի նախկին ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանից` նրան Կոտայքի մարզային ոստիկանապետ նշանակելու համար: Իսկ ինչպես արդեն հայտնի է, վերջերս ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ նրանց, ովքեր միջնորդի միջոցով կամ կաշառքով են պաշտոն ստացել, պաշտոնանկություն է սպասում: «Ոչ ոք, կաշառքով կամ ինչ-որ մեկին «խառնելով», պաշտոն չի զբաղեցնելու»,- վստահեցրել էր Գասպարյանը: Սակայն պարզվում է, լավ էլ զբաղեցրել եւ շարունակում հանգիստ պաշտոնավարել:
Հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. Կովալը դեռեւս 2008-ին 150 հազար ԱՄՆ դոլար էր վերցրել Ավետիք Աբրահամյանից, որպեսզի նրան Կոտայքի մարզի ոստիկանապետ նշանակի: Եւ քանի որ Ազգային Ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Շահգալդյանին շատ էր կարեւորում, վերջինս հաճախ շփոթում էր իր գործառույթները, եւ ինքն էր որոշում, թե ում կարելի է պաշտոն տալ: Իր բարձրաստիճան հովանավորի շնորհիվ հարգարժան մարզպետն ինքն էր սիրել-չսիրելով մարդկանց նշանակում կամ ազատում պաշտոններից: Իհարկե, Կովալը դա անում էր «մաղարիչով», ընդ որում, վստահաբար, վերեւներին «բարեխոսելու» իր խոսքը թանկ էր գնահատում:
Եւ երբ Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետ Ռուբեն Ստեփանյանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, Կովալենկո Շահգալդյանը սկսեց զբաղվել այդ օրերին Հրազդան քաղաքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ավետիք Աբրահամյանի «գործով»: Կովալը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մոտ սկսեց բարեխոսել, որ Աբրահամյանը տվյալ «յուղոտ» պաշտոնը զբաղեցնի: Ու, փաստորեն, զբաղեցրեց:
Ի դեպ, մի քանի ուշագրավ փաստ կա` կապված Ավետիք Աբրահամյանի հետ. նա էր, որ «Սասուն» ջոկատի հաշմանդամ ազատամարտիկ, հացադուլ հայտարարած Արշավիր Բոզինյանի սայլակը կոտրեց եւ վրանը գողացավ, անգամ իր գլուխը վնասեց, երբ Բոզինյանի վրանն էր քանդում: Աբրահամյանը նաեւ հրազդանցի կանանց եւ տղամարդկանց բերման ենթարկեց ոստիկանության բաժին, երբ վերջիններս, ի պաշտպանություն իրենց «կամանդիրի», նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի, Հրազդանում հանրահավաք ու հացադուլ էին կազմակերպել: Նման դեպքերը հնարավոր չէ մարդկանց հիշողությունից ջնջել, երբ պաշտոնյան հրաման է կատարում` առանց «աչք ու երես» նայելու:
Չմոռանանք նշել նաեւ այն փուլը, երբ Կովալի եւ Աբրահամյանի միջեւ հարաբերությունները «լարվել» էին: Պատճառը եղել էր այն, որ Կովալը, բացի կաշառք վերցնելուց, նաեւ անընդհատ խառնվել էր Աբրահամյանի աշխատանքներին, թե` «սա մի՛ արա, սենց կանես», մի խոսքով` տարբեր գործերի հետ կապված կոնկրետ ցուցումներ էր տվել: Այսինքն` փաստացի ինքն էր ղեկավարել ոստիկանապետի աշխատանքները: Արդյունքում` Ավետիք Աբրահամյանի համբերության բաժակը լցվել էր, եւ նա Կովալին տեղն էր դրել` ասելով, թե իրենց միջեւ որեւէ պարտավորություն չկա, քանի որ ինքն իր պաշտոնի համար վճարել է: Եւ քանի որ Աբրահամյանը վերեւներում լավ էր վճարել, օր օրի ավելի բարձր պաշտոնների էր արժանանում: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչը նրան նշանակեց Էրեբունու ոստիկանապետ:
Արդեն հասկանալի է, թե այդ պաշտոնն ում «շնորհքն» էր, եւ ով էր Աբրահամյանին առաջ «տանում»` իհարկե, վերջինի ցույց տված «վերաբերմունքի» դիմաց: Իսկ այժմ Ավետիք Աբրահամյանն իր տված կաշառքի եւ հովանավորների շնորհիվ դարձել է Մաշտոցի ոստիկանապետ: Այսինքն` փաստը մնում է փաստ, որ Կովալին տված գումարն աշխատում է, եւ այդ պաշտոնյան շարունակում է պաշտոնավարել:
Հետաքրքիր է` առաջիկայում ինչ է սպասվում Ավետիք Աբրահամյանին` հաշվի առնելով այն փաստը, որ ներկայիս ոստիկանապետը չի ընդունում կաշառքով «նստած» պաշտոնյաներին:
ԿԱՇԱՌՔՈՎ Է ՊԱՇՏՈՆ ՍՏԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ