Այսօր՝ ապրիլի 17-ին, ամբողջ աշխարհում նշվում է հեմոֆիլիայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
Իսկ ի՞նչ է հեմոֆիլիան։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ սա ժառանգական բնույթ ունեցող հիվանդություն է և անցնում է սերնդից սերունդ, ընդ որում այս հիվանդությամբ միայն հիվանդանում են տղաները։ Հեմոֆիլիայով տառապող սերնդի կանայք գործնականորեն լինում են առողջ և միայն հիվանդության փոխանցողների դեր են կատարում։ Կին հաղորդիչները հեմոֆիլիան կարող են փոխանցել ոչ միայն իրենց տղա երեխաներին, այլև աղջիկ հաղորդիչների միջոցով նաև տղա թոռներին, ծոռներին և ավելի ապագա սերունդներին։
Այս հիվանդությունը բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ։ Հիվանդությունը պայմանավորված է արյան մակարդման առաջին փուլի խանգարումներով, կապված արյան մեջ թրոմբոպլաստինի առաջացմանը մասնակցող պլազմային գործոնների պակասի կամ բացակայության հետ։
Այս հիվանդության ախտանիշները ի հայտ են գալիս դեռևս վաղ տարիքում, սակայն տարեցտարի մեղմանում է ամեն բան։ Հեմոֆիլիայով հիվանդների սալջարդից առաջանում են տարածուն ենթամաշկային, միջմկանային և ներհոդային արյունահոսություններ, կտրած վերքը, ատամների հեռացումը և այլ թեթևակի վնասվածքները երբեմն ուղեկցվում են կյանքի համար վտանգավոր արյունահոսությամբ: Բնորոշ են խոշոր հոդերի (ծնկային, սրունքաթաթային) արյունազեղումները, որոնք պատճառ են դառնում դրանց ծանր փոփոխությունների:
Հիվանդությունը նաև բուժում ունի, չնայաժ այն հանգամանքին, որ ժառանգական բնույթ ունեցող է։
Ժամանակաից արյունաբանության մեջ մեծ հաջողությունների են հասել հեմոֆիլիայի բուժման և կանխարգելման բնագավառում. առողջ մարդկանց արյան պլազմայից պատրաստում են խտանյութեր, որոնց օգտագործումը կանխում է արյունահոսությունը: Մշակվել են հոդերի ախտահարման ժամանակ կիրառվող բուժֆիզկուլտուրայի արդյունավետ մեթոդներ:
Հեմոֆիլիայով հիվանդները պետք է խուսափեն չնչին վնասվածքներից: Վիրահատական (նույնիսկ պարզագույն) միջամտությունից առաջ, վիրահատության ընթացքում և դրանից հետո պետք է կիրառվեն արյունահոսությունը կանխող միջոցառումներ: Արյունահոսությունն սկսվելիս հեմոֆիլիայով հիվանդն անհապաղ պետք է դիմի բժշկի:
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Աննա Սրապիոնյան




















































































