Բազում ապացույցները հաստատում են, որ Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերել զինյալներին՝ մտնելու Քեսաբ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
«Զինյալները, հաստատվելով Քեսաբում, կարողանում են հարվածել ալավիաբնակ Լաթաքիային, որը Ասադի թիկունքն է: Թուրքիային Ասադի թուլացումն էլ հենց անհրաժեշտ է»,- բացատրեց նա՝ հավելելով, որ Թուրքիան քարոզչական հակագրոհ է կազմակերպել՝ ի դեմս տարեց քեսաբահայերին Վագըֆ հայաբնակ գյուղ տեղափոխելու:
Անդրադառնալով ԱՄՆ սենատի կողմից օրերս ընդունած Ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այդ փաստաթղթին չպետք է լուրջ վերաբերել:
«Սա զուտ հայկական լոբբիի ներուժի սահմանն է՝ բանաձևն այս կամ այն հանձնաժողովով անցկացնելը, սակայն հետագա գործողությունները ԱՄՆ-ի շահերից չեն բխում: Ցեղասպանության թեման օգտագործվում է միայն այն ժամանակ, երբ Թուրքիայի դեմ պետք է լծակներ կիրառվեն կամ եթե առջևում Ցեղասպանության հերթական տարելիցն է»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Գևորգ Պետրոսյանն անդրադարձ կատարեց նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերի ամրապնդմանը՝ համոզմունք հայտնելով, որ չի կարծում՝ վերջինս կորցրել է ժողովրդի վստահությունը:
«Թուրքիայում տեղի ունեցած վերջին ընտրություններն ապացուցեցին, որ նա մեծ ժողովրդականություն է վայելում»,- ասաց նա: