Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձեւի ընդունման փաստը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այս խնդրին անդրադարձ է կատարվել այսօր՝ ապրիլի 12-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական խորհրդի հերթական նիստում:
«Միջեկեղեցական խորհուրդը նամակ է ուղղել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին` հանուն Հայ Եկեղեցու եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանք փոխանցելով նրան եւ հանձնաժողովի անդամներին:
Նամակում մասնավորապես կարեւորվում է Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցի սեմին Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված նման բանաձեւի որդեգրումը եւ ընդգծվում, որ այն խթան կլինի աշխարհում խաղաղության հաստատման, մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման եւ դատապարտման գործում»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: