ՀՀԿ-Ի ՇՏԱԲԸ ԳՈՐԾՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի դարձավ՝ նոյեմբերի 29-ին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունեցել 2011 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների շտաբի անդրանիկ նիստը, որին, իհարկե, հանրապետականները գերադասում են այլ անուն տալ: Եւ այսպես. մասնակցել են ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանը, շտաբի պետի տեղակալ եւ Սերժ Սարգսյանի  փեսա Միքայել Մինասյանը եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Եթե ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Արմեն Գեւորգյանի դեպքում հաղորդվում է, որ նրանք համակարգելու են մարզերը, ընդ որում, Աբրահամյանն ավելի լայն, իսկ ՏԿ նախարարը` գյուղերի եւ գյուղապետերի մակարդակով, ապա ըստ մեր աղբյուրների` փեսային վերապահված է ԶԼՄ-ները կոորդինացնելու գործառույթը: Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանին, ով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ լինելուց բացի, նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն է, ապա նա պետք է զբաղվի արտաքին քարոզչությամբ` միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքում: Դավիթ Հարությունյանն այս հարցերում իր «կոմպետենտությունը» մեկ անգամ չէ, որ ապացուցել է, հատկապես մարտիմեկյան դեպքերին հաջորդած ժամանակահատվածներում մեղմացնել-լղոզելով ԵԽԽՎ տարատեսակ բանաձեւերը կամ Հայաստանի հարցով համազեկուցողների զեկույցներում տեղ գտած արմատական ձեւակերպումները:  Իսկ նրա` նման լուրջ մակարդակով ներգրավումը Հանրապետականի շտաբի աշխատանքներին  բացատրվում է նրանով, որ միջազգային կառույցներն  այս անգամ բացառիկ կոշտ են լինելու իրենց գնահատականներում եւ նրանց այլեւս չի բավարարելու բոլոր համապետական ընտրություններին իրենց իսկ կողմից տրվող գնահատականը. «Ընտրությունները հիմնականում համապատասխանում են ժողովրդավարական չափանիշներին»: Ի դեպ, այս մասին մարզեր կատարած այցելության ժամանակ խոսում էր հենց Սերժ Սարգսյանը` ասելով, որ պետք է բացառեն այդ «հիմնականում» բառը:  Նույնը` վարչապետ Տիգրան Սարգսյանի` ԵԺԿ-ի բյուրոյում արված հայտարարությունը, որ այս անգամ անցկացվելու են նորանկախ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ լավագույն ընտրությունները:
Մի խոսքով` միջազգային կառույցներն ասել են, որ այս անգամ «ներում-բեկում» չի լինելու: Սա արտահայտվելու է առաջին հերթին նրանով, որ դրսից Հայաստան եկող բոլոր ֆինանսական ծորակները փակվելու են` ԵՄ բոլոր ծրագրերից սկսած: Նաեւ հայտնի է, որ խորհրդարանական այս ընտրություններին նույն ԵԽԽՎ-ից, ԵԱՀԿ-ից եւ մյուս կառույցներից շատ ավելի մեծաքանակ  դիտորդներ են գալու եւ շատ ավելի երկարաժամկետ:
Առայժմ կա՛մ որոշված չէ, կա՛մ բացառիկ գաղտնի է պահվում Երեւանը համակարգողի անունը, քանի որ ինչքան էլ Սերժ Սարգսյանի շրջապատում  Տարոն Մարգարյանին վստահեն ու համակրեն,  հազիվ թե Երեւանը դրվի միայն նրա ուսերին` առանց որեւէ ավելի փորձառու մեկի համակարգման: Գուցե նա պաշտոնապես հռչակվի շտաբի պետ: Բայց ՀՀԿ-ական աղբյուրները վստահ եւ համակարծիք են այն հարցում, որ մայրաքաղաքը չի տրվելու նաեւ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որին, ասվում է, շտաբում տրված է ոչ այնքան միանշանակ գործառույթ. պետք եկած ժամանակ «Մետաքս»-ի ժողովրդի հետ հանդես գալ Գագիկ Ծառուկյանի մարդկանց դեմ. «ռազբորկաներ», հայհոյանք, ինչպես կոնկրետ նշեցին` «քֆուր անել»: Այնպես որ, գլխավոր հարցն այն է, թե ով է լինելու մայրաքաղաքի «քինդեր սյուրպրիզը»:
Փոխարենը կարծես ամեն ինչ կարգավորված է մայրաքաղաքի մեծամասնական ընտրատարածքներում. կուսակցությունն ում կտա առաջադրվելու «դաբրո», նա էլ կկարգավորի վարչական շրջաններում նյութական, տնտեսական, կադրային ռեսուրսները մոբիլիզացնելու եւ կարեւորը` ծախսերը հոգալու հարցը: Օրինակ` եթե որոշվի, որ Մալաթիա-Սեբաստիայում պետք է առաջադրվի Սամվել Ալեքսանյանը, նա էլ «կհոգա  ծախսերը», մեկ ուրի՞շը` ուրեմն նա:
Այս սկզբունքը գործում է նաեւ մարզերում` այն վերապահումով, որ բացառությամբ նյութականի, մարզպետարանները, կուսակցության տարածքային կառույցները եւ խորհրդի նախագահներն են պատասխանատու վարչական լծակների, տեղի բիզնեսի եւ կրիմինալի համախմբան համար: Դա, որպես կանոն, տեղի է ունենում մի կողմից կուսակցականացմամբ, մյուս կողմից հետախուզական աշխատանքներով` ովքե՞ր են, ո՞ւմ են համակրում, ինչո՞վ կարելի է մեկին կաշառել, մյուսին «սեղմել»` գտնելով նրա թույլ տեղը:
Նաեւ այս օրերին մարզային շտաբներում զբաղված են ինչպես սկզբնական կառույցների եւ կուսակտիվի, այնպես էլ իրենց հնարավոր «կոնտինգենտի» հաշվառմամբ ու մոնիթորինգով. բժիշկներ, ուսուցիչներ, քաղծառայողներ: Այլ խոսքով` իսկական կուսակցաշինություն, որովհետեւ մեր տեղեկություններով` «ձեռքի հետ» էլ պատվիրակներ են ընտրում մարտին նախատեսված ՀՀԿ հերթական համագումարի համար:
Այնպես որ, ոչ ոք ՀՀԿ-ում հեծանիվ չի հորինում, բոլորը գնում են «ավանդական» եւ փորձված ճանապարհներով, որոնք հանգեցնելու են էլ ավելի արատավոր ընտրությունների:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս