«Հովիկ Աբրահամյանը լավ վարչապետ կլինի, թե՝ վատ, ցույց կտա ժամանակը և այն, թե ինչ բեռ է վերցնում նա իր վրա` կապված այն ժառանգության հետ,որ նա ստացել է»,-անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում, Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ արտահայտեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Փորձելով շախմատային քայլեր անել, ինքն ըստ էության զոհաբերելով թագուհուն, կարելի է ասել հայտնվել էր ցուգցվանգում և ստիպված էր անել այն քայլը, որը նախօրոք նախատեսված էր», – նշեց նա, հավելելով, որ զոհաբերելով Տիգրան Սարգսյանին, Սերժ Սարգսյանը ցանկանում էր փոշիացնել ընդդիմությանը, բայց դա իրեն չհաջողվեց:
«Բայց մյուս կողմից ինքը ուրիշ քայլ չուներ անելու, քանի որ արդեն զոհաբերել էր վարչապետին: Ինքն իր հաշվարկների մեջ սխալ գտնվեց, Բարգավաճը շատ ավելի ամուր գտնվեց», – նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն արժանի վարչապետի թեկնածու է, նա նշեց, թե այդ հարցին պատասխանելու համար առաջին հերթին պետք է նայել, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակելու ժամանակ:
«Դա նշանակում է, որ ՀՀ նախագահը իր վրա վերցրել է պատասխանատվություն` նրան նշանակելու համար: Սակայն Հովիկ Աբրահամյանը պետք է հետևի Սերժ Սարգսյանի խորհրդին և չպախարակի նախկին կառավարությանը:
Եվ կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը չպետք է իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը», – նշեց նա:
Արամ Հարությունյանը նաև հարց բարձրացրեց, թե այն գումարները, որոնք փոշիացվել են Տիգրան Սարգսյանի օրոք, ո՞վ պետք է պատասխան տա դրանց համար:
«Այդպես միշտ կարելի է գալ, կառավարել և գնալ դիվանագիտական աշխատանքի: Էն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի դուրս գալուց հետո տեր կանգնեց նրան, արդեն նշանակում է, որ բոլոր հարցերը մեկ մարդ է լուծում: Այսօր ՀՀ-ում կա մեկ մեծ օլիգարխ, դա Սերժ Սարգսյանն է իր շրջապատով», – հայտարարեց Հարությունյանը:
Նաիրա Հովհաննիսյան