ՄԱՐՏԻ 1-Ի ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խորհրդի երեկվա նիստում որոշում է կայացվել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանի, փոխնախագահի պաշտոնում` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: Եւ քանի որ ԱԺ փոխնախագահ դառնալուց հետո Շարմազանովը վայր է դնելու ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնը, այստեղ նրան փոխարինելու է Գագիկ Մելիքյանը: Փոխարենը Շարմազանովը շարունակելու է մնալ ՀՀԿ խոսնակ:
Այս տեղափոխություններն, իհարկե, սպասելի էին. մի քանի օր շարունակ մամուլում ակտիվորեն քննարկվում էին ԱԺ խոսնակի ու փոխխոսնակի թեկնածությունները, «Ժողովուրդ»-ն այդ մասին գրել էր: ՀՀԿ-ի երեկվա նիստն էլ բավական կարճ տեւեց. մոտ 15 րոպե:
ՀՀ Սահմանադրությամբ երկրորդ դեմքի պաշտոնում հենց Սամվել Նիկոյանին առաջադրելու փաստն ինքնին խոսուն է: Սա, թերեւս, գալիս է ապացուցելու ՀՀԿ-ի եւ ընդհանրապես, ողջ իշխանության կադրային սնանկությունը: Թեեւ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Սամվել Նիկոյանին կհաջողվի նախագահել լավագույն դեպքում ԱԺ 2 քառօրյա (առաջինը` դեկտեմբերի 5-ին մեկնարկող քառօրյան, երկրորդը` փետրվարի կեսերին սպասվողը), ուրեմն` ԱԺ նախագահի ժամակավոր պաշտոնակատարի համար լավ էլ հարմար թեկնածու են գտել:
Սամվել Նիկոյանը ՀՀԿ նիստից հետո չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Ավելին, ՀՀԿ շենքից դուրս եկավ բավական մտախոհ, տխուր դեմքով, եւ այնպիսի տպավորություն էր` կարծես Նիկոյանին ոչ թե առաջարկել էին ԱԺ նախագահի պաշտոնը, այլ` պաշտոնանկ արել: Իհարկե, հետաքրքիր կլիներ անձամբ Նիկոյանից լսել, թե որ արժանիքների համար են իրեն առաջարկել Սահմանադրությամբ երկրի երկրորդ պաշտոնը: Նիկոյանը, ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի շարքային անդամ է, ճիշտ այնպես, ինչ ԱԺ ՀՀԿ-ական մյուս պատգամավորները: Նույնիսկ իր մտավոր կարողություններով չի առանձնանում նրանցից շատերից: Բայց ի տարբերություն մյուս ՀՀԿ-ականների, Նիկոյանը ժամանակին աչքի է ընկել իր սխրագործություններով: Նրա անունը հանրությանը շատ ավելի հայտնի դարձավ այն բանից հետո, երբ գլխավորեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը: Ու թերեւս իր ղեկավարած հանձնաժողովի միջոցով մարտի 1-ի դեպքերը կոծկելու համար է այսօր Սերժ Սարգսյանը պարգեւատրում Նիկոյանին այսքան բարձր պաշտոնով, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին նրան նվիրեց ԱԺ փոխխոսնակի աթոռը:
Ի դեպ, Նիկոյանի անունը «ոսկե տառերով» գրվեց նաեւ վիկիլիքսյան բացահայտումներում. ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նա անկեղծացել ու պատմել էր ներիշխանական ողջ անցուդարձի մասին, մանրամասնել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհարաբերությունները եւ այլն: Ամերիկացիներն այդ անկեղծության համար գնահատել էին հավուր պատշաճի եւ արժանացրել «Ս.Ս. սերժանտ» որակավորմանը: Փոխարենը նրան անուղղակի նկատողություն արեց այն ժամանակվա իր վերադասը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ առանց անուններ տալու խորհուրդ տվեց իմանալ` ում հետ ինչ խոսել, քանի որ պատերի տակ խոսացածը մի օր կբացահայտվի:
Ինչեւէ, Նիկոյանի «աստեղային ժամը» սկսվեց Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո. ԱԺ արտահերթ նիստում նրան այդպես էլ չէր հաջողվում դահլիճն ապահովել պատգամավորներով, անգամ քվեարկությունների ժամանակ այս հարցում «ամենակարող» Գալուստ Սահակյանն էր հազիվ քվորում ապահովել` գործընկերներին համոզելով, թե քվեարկությունը շատ կարճ կտեւի` մի քանի րոպե: Դեռ ավելին, ԱԺ նիստում Նիկոյանը նաեւ չէր կարող վերահսկել դահլիճը, ի վերջո, ինքն էլ չդիմացավ ու «հարձակվեց» «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի վրա` վիրավորելով. «գնա՛, ականջներդ լվացրա՛»: Իսկ նույն պատգամավորի հասցեին ՀՀԿ-ական Շմայսի` «հայվան» որակավորումը Նիկոյանն այդպես էլ համապատասխան վերաբերմունքի չարժանացրեց, նույնիսկ կոռեկտության կոչ չարեց: Ու հիմա, փաստորեն, այդ նույն Նիկոյանը ղեկավարելու է ԱԺ-ն:
Երեկ, երբ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար դիմեցինք Էդուարդ Շարմազանովին, վերջինս նշեց. «Չեմ կարծում, որ դա իրականության հետ կապ ունի: Նախ` ոչ միայն Նիկոյանը կարող է կառավարել, այլեւ դահլիճի համար պատասխանատու են նաեւ քաղաքական կոալիցիան, քաղաքական մեծամասնությունը: Ավելին, արտահերթի ժամանակ մենք տեսանք, որ բոլոր օրինագծերը պատշաճ կերպով քննարկվեցին ու ընդունվեցին»: Ինչ վերաբերում է պատգամավոր Շմայսի կողմից Արմեն Մարտիրոսյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններին, Շարմազանովը մի կողմից կատարվածը որակեց «ոչ հաճելի», բայց մյուս կողմից նշեց, թե դա պառլամենտարիզմի մեջ նոր երեւույթ չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս