Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին ժամանակներում Հայաստան եկած որևէ պատվիրակություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առանց նվեր չի թողել։

2025 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը։ Այս պատվիրակությունը Փաշինյանին նվիրել է «Իլիաս Լալաունիս» ապրանքանիշի՝ հունական պատմությունից ոգեշնչված զարդանախշով դեկորատիվ ափսե։ Ափսեի առաջամասում պատկերված է արև, իսկ արևի ներքևի հատվածում գրված է «Cyprus Aeterna»։

Ափսեի արժեքը կազմել է 42 հազար 810 դրամ։

2-րդ նվերը ստացել է Ֆրանսիական պատվիրակությունից։ Նիկոլ Փաշինյանը մայիսին ընդունել էր Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը։
Այս պատվիրակությունը Փաշինյանին նվիրել է 336 հազար դրամ արժողությամբ «Sèvres» ապրանքանիշի կլոր ճենապակյա զարդատուփ ոսկեգույն զարդանախշով՝ պատրաստված 24 կարատանոց ոսկուց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսին էլ ընդունել էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որոնք էլ նրան նվիրել էին «Neamedia» ապրանքանիշի փոքրիկ իշխանի ապակյա, թափանցիկ արձան, որն արժեցել էր 46 հազար 256 դրամ։

Հունիսին Փաշինյանն ընդունել էր նաև պաշտոնական այցով ՀՀ եկած Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին։

Վրաստանի ՆԳ նախարարը Փաշինյանին նվիրել է բրոնզե արձանիկ «Քվևրի՝ խաղողի ողկույզով»՝ վանակատե հիմքի վրա։ Խաղողի ողկույզները պատրաստված են ավենտուրինից։ Այս գործն արժեցել է 353 հազար 125 դրամ։

Ամենաշքեղը թերևս Իրանից Հայաստան ժամանած պատվիրակության նվերն էր ՀՀ վարչապետին։

Մայիսին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Փաշինյանին նվիրել էր Թավրիզի պատկերազարդ գորգ դեկորատիվ շրջանակի մեջ, որն արժեցել էր 502 հազար դրամ։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.

  1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
  2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
  3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
  4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60․000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառեն նվերների հաշվառման ռեեստրում։

40․000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։

Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Հավելենք նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ՝ չեն կարող ընդունել դա։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս