Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հայտնում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ իր բանակցությունների բովանդակության մասին, մինչդեռ պարտավոր է իր ընտրողներին տեղեկացնել, թե ինչի շուրջ է պայմանավորվում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Ահա հանդիպեց Ալիևի հետ, մինչ այդ՝ Էրդողանի հետ։ Չկա հստակ պատկերացում, թե ինչու է հանդիպել, ինչի շուրջ է պայմանավորվել, ինչ է ստորագրել։ Իսկ հետո մեզ համար անակնկալ եղավ, երբ Արցախը հանձնվեց… Այսպես չի կարելի, սա ընդհանրապես նորմալ չէ։ Նա պետք է ասի՝ “հանդիպել եմ, բանակցություններ եմ վարել այս կամ այն հարցերի շուրջ, կան տեղեկություններ, որոնց մասին չեմ կարող խոսել”։», – նշել է Աբրահամյանը։
Նրա տեղեկություններով, պետությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը, որը պետք է կապի Նախիջևանը Ադրբեջանի մնացած հատվածի հետ։
Նա նաև դժգոհել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ Փաշինյանը «գլուխը կախ էր քայլում»։
Հիշեցնենք, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցություններից հետո Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր հարցեր։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր առաջին աշխատանքային այցը Ստամբուլ է կատարել հունիսի 20-ին։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակման կարևորությունը։ Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային զարգացմանն ու երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Անի Վարդանյան





























