Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը հասել են առևտրային համաձայնության՝ վերջ դնելով ամիսներ տևած լարվածությանը աշխարհի երկու խոշորագույն տնտեսական գործընկերների միջև։
Վճռորոշ բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել Շոտլանդիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև, կողմերը համաձայնել են, որ ԱՄՆ-ը ԵՄ բոլոր ապրանքների վրա կկիրառի 15% մաքսատուրք։ Սա երկու անգամ պակաս է այն 30% մաքսատուրքից, որը Թրամփը սպառնում էր կիրառել ուրբաթ օրվանից։ Նա նշել է, որ ԵՄ-ն կբացի իր շուկաները ամերիկյան արտահանողների համար՝ որոշ ապրանքների վրա զրոյական մաքսատուրքեր սահմանելով։
Ֆոն դեր Լայենն էլ ողջունել է ձեռք բերված համաձայնությունը՝ նշելով, որ այն կայունություն կբերի երկու դաշնակիցների համար, որոնք միասին կազմում են համաշխարհային առևտրի գրեթե մեկ երրորդը։
Թրամփը վերջին տարիներին մաքսատուրքերի միջոցով փորձում է վերաձևավորել համաշխարհային տնտեսությունը և կրճատել ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը։ ԵՄ-ից բացի, նա մաքսային համաձայնություններ է կնքել նաև Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների և Վիետնամի հետ, թեև չի հասել իր «90 օրում 90 համաձայնություն» իր նպատակին։
Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա երեք տարիներին ԱՄՆ-ում կավելացնի իր ներդրումները 600 միլիարդ դոլարով, այդ թվում՝ ամերիկյան ռազմական տեխնիկայի ոլորտում, և 750 միլիարդ դոլար կծախսի էներգետիկայի վրա։ Այդ ներդրումները, ըստ Ֆոն Դեր Լայենի, կօգնեն նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից։
Որոշ ապրանքների վրա մաքսատուրքեր չեն կիրառվի, այդ թվում՝ ինքնաթիռների և դրանց մասերի, որոշ քիմիական նյութերի և գյուղատնտեսական ապրանքների վրա։ Առանձին համաձայնություն կկնքվի նաև կիսահաղորդիչների ոլորտում։
Սակայն Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի վրա կիրառվող 50% մաքսատուրքը գլոբալ մակարդակով կմնա ուժի մեջ։
Ֆոն Դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ «նրա անձնական հանձնառության և այս առաջխաղացման համար»՝ նշելով, որ նա «կոշտ բանակցող է, բայց նաև գործարք կնքող է»։
Անի Վարդանյան


















































































