Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ավելի քան 100 մարդ է զոհվել ոսկու հանքի փլուզման հետևանքով։ Փլուզումը տեղի է ունեցել սողանքի պատճառով, իսկ տեղական իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, երկրի արևմտյան հատվածում գտնվող Զամբոյե գյուղում՝ Բաբուա քաղաքից մոտ 50 կմ հեռավորության վրա, Կամերունի սահմանին մոտ։
Տեղական պաշտոնյաների և փրկարարական աշխատանքներին մասնակցող անձանց փոխանցմամբ՝ ոսկու հանքավայրում աշխատող հանքափորները հայտնվել են փլուզված հողի տակ։
Կարմիր խաչի կամավոր Գերվե Գանագորոհը Associated Press-ին հայտնել է, որ փլուզման վայրից ավելի քան 100 զոհվածների մարմիններ են դուրս բերվել։ Նույն թիվը Reuters-ին հաստատել է նաև տեղական հանքարդյունաբերական ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Տեղի դատախազությունը հայտնել է, որ բազմաթիվ մարդիկ շարունակում են մնալ հողի տակ։ Բաբուայի մեկ այլ դատախազի խոսքով՝ նախնական տվյալներով՝ ողբերգության պատճառը հանքի այն ստորգետնյա թունելների փլուզումն է, որտեղ աշխատում էին հանքափորները։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են
Փրկարարները շարունակում են որոնողական և փրկարարական աշխատանքները՝ փորձելով հայտնաբերել ողջ մնացածներին և դուրս բերել զոհերի մարմինները։
Ենթադրվում է, որ հանքում աշխատողների թվում եղել են ինչպես Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության, այնպես էլ Կամերունի քաղաքացիներ։
Հանքի փլուզման պահին այնտեղ գտնվող մարդկանց հստակ թիվը դեռևս հայտնի չէ, ուստի զոհերի վերջնական թիվը կարող է աճել։
Հանքարդյունաբերական վթարները հաճախակի են
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում փոքրածավալ, արհեստագործական ոսկու հանքերը լայն տարածում ունեն։ Չնայած դրանց գործունեությունը կարգավորող սահմանափակումներին՝ գործազրկությունը շատերին ստիպում է աշխատել նույնիսկ լքված կամ չօգտագործվող հանքերում։
Նման հանքավայրերում անվտանգության չափանիշները հաճախ ցածր են, ինչի հետևանքով պարբերաբար դժբախտ դեպքեր են գրանցվում։ Ըստ հրապարակման՝ միայն այս տարվա ընթացքում Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում հանքարդյունաբերական մի շարք վթարների հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել։
Անի Վարդանյան






















