Սերբիայում զանգվածային անկարգությունների ժամանակ վիրավորվել է առնվազն 42 ոստիկան, որից 26-ը Բելգրադում, ինչպես նաև ձերբակալվել է 37 ցուցարար, հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։
«Վիրավորվել է ոստիկանության 42 աշխատակից, որոնցից 26-ը՝ Բելգրադում։ Կարևոր է նշել, որ սա նախնական տվյալ է և 42 թիվը նվազագույնն է, ընդ որում, մի քանի մարդ ծանր վնասվածքներ է ստացել։ Գործողությունները դեռ շարունակվում են։ Այս պահին ձերբակալվել է 37 մարդ։ Ոստիկանությունը դաժան հարձակումների է ենթարկվել։ Առանձին միջադեպերից բացի, Բելգրադում իրավիճակը ներկայումս հանգիստ է և կայուն։ Ինչ վերաբերում է այլ վայրերին, ապա ևս 8-9 բնակավայրերում շարունակվում են բողոքի ցույցերը։ Սերբիայում հարձակումներ են իրականացվում ոստիկանության և Սերբական առաջադիմական կուսակցության (ՍԱԿ) տարածքների վրա։ Բացի Բելգրադից, առավել լուրջ միջադեպեր են տեղի ունեցել Նովի Սադում, որտեղ ՍԱԿ-ի տարածքները ջարդուփշուր են արվել մի քանի տեղում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դաչիչը։
«Սա ոստիկանության վրա վերջին տարիների ամենադաժան հարձակումներից է։ Խոսքը ֆիզիկական հարձակումների, քարեր նետելու, մետաղական ձողերով, փայտերով ծեծելու, հրատեխնիկայի և ոստիկանության աշխատակիցներին վնասելու համար տարբեր միջոցներ օգտագործելու մասին է։ Ոստիկանությունն իր վրա հարձակումը հետ մղելու համար քիմիական նյութեր է օգտագործել»,- ասել է իրավապահ մարմնի ղեկավարը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը «հարձակում է պետության վրա»։





























