Armenian text to speach

«Ավինյանի անարդարության ճարտարապետությունը Շորժայում» վերտառությամբ հրապարակման պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

«Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթում 2025 թվականի օգոստոսի 15-ի «Ավինյանի անարդարության ճարտարապետությունը Շորժայում» վերտառությամբ հրապարակման՝ պարզաբանում ենք հետևյալը․

Հրապարակման մեջ տեղ գտած պնդումը, թե «Եթե արդարությունն ու հավասարությունը գործեին, այսօր պետք է դատարանում լինեին նաև շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը և ներկայիս նախարար Համբարձում Մաթևոսյանը», կրում է մանիպուլյատիվ բնույթ։
Նման ձևակերպումը մոլորեցնում է հանրությանը և վնասում ՇՄ նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի և ներկա նախարար Համբարձում Մաթևոսյանի բարի համբավը։

Վերոնշյալ շինարարության վայրը չի գտնվում «Սևան» ազգային պարկի կամ նախարարության ենթակայությամբ գտնվող որևէ տարածքի մեջ, հետևաբար շրջակա միջավայրի նախարարությունը որևէ իրավասություն կամ մասնակցություն չի ունեցել այդ գործընթացում։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ տվյալ բնակելի տան և լողավազանի ընդհանուր մակերեսը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության։

Ըստ այդմ՝ ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից։»

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ևս հրապարակմամբ է հանդես եկել․

««Ժողովուրդ» օրաթերթում օգոստոսի 15-ին հրապարակված` «Ավինյանի անարդարության ճարտարապետությունը Շորժայում» նյութը անհեթեթություն է, որը հերթական անգամ վկայում է որոշ լրագրողների մասնագիտական անգրագիտության և պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին։ Նյութում տեղ գտած բովանդակությունը ոչ այլ ինչ է, քան անտեղյակության ցցուն դրսևորում:

Մասնավորապես ներկայացված է, թե իբր շինարարության թույլտվության պատասխանատուներն են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը։ Սա բացահայտ ապատեղեկատվություն է։ Նյութի հեղինակին տեղին է հիշեցնել, որ մարզպետը նման լիազորություն չունի:
Շինթույլտվություն տրամադրում է տեղական ինքնակառավարման մարմինը, քանի որ շինարարությունն ընթանում է հենց Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում։

Իրավական հստակեցում.
ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում 2010 թվականին կատարված փոփոխություններով՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողատարածքները՝ այդ թվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերը ներառվել են համապատասխան համայնքների վարչական սահմաններում, ինչը նշանակում է, որ այդ տարածքներում շինթույլտվություն տալու իրավասությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված է տվյալ համայնքի ղեկավարին, ոչ թե մարզպետին կամ ազգային պարկի տնօրենին։

Իսկ քանի որ նշված շինությունը գտնվում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական սահմաններից դուրս, ապա լիովին անհիմն են այն պնդումները, թե շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը կամ ներկայիս նախարար Համբարձում Մաթևոսյանը որևէ առնչություն են ունեցել շինթույլտվության տրամադրման գործընթացի հետ։ Այսպիսով, տվյալ թեմայով տարածվող խոսակցությունները հերթական մանիպուլյացիոն դրսևորումներն են:

Այսինքն՝ և՛ փաստացի, և՛ իրավական առումով, նյութը որևէ փաստական հիմք չունի:

Նույն նյութում, մեկ այլ սխալ տեղեկատվության մասին ևս. թե իբր «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն էլ է շինթույլտվության պատասխանատու, տեղանքը չի գտնվում «Սևան ազգային պարկի» տարածքում, ուստի չէր կարող շինթույլտվության համար պատասխանատու լինել:
«Ժողովուրդ» օրաթերթից պահանջում ենք` հերքում տարածած ապատեղեկատվության համար, այլապես հարցը կլուծվի իրավական դաշտում:»




Լրահոս