Armenian text to speach

«ԳՏՆԵԼ ՍՊԱՆՈՂԻՆ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՈՐԾԸ». ԹԱՆԴԻԼՅԱՆ ԱՆԱՎԱՐՏ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործի ընթացքի, հնարավոր պատվիրատուների եւ գործի ամբողջական բացահայտման հեռանկարի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին Փարաքարի համայնքում սպանվել էր համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Դեպքից անցել է քսան օր։ Նախաքննական մարմինը հայտարարում է, որ հանցագործությունը բացահայտված է, սակայն Գրիգորյանի մայրը մեզ հետ զրույցում նշել էր, որ գործը լիովին բացահայտված կլինի միայն այն դեպքում, երբ կբացահայտվեն պատվիրատուները։

-Տիկին Թանդիլյան, Ձեր գնահատմամբ՝ Փարաքարի համայնքապետի սպանության գործը բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ։

-Սպանողին բացահայտելը, նույնիսկ եթե ենթադրենք՝ այդպես է, եւ ենթադրյալ կատարողը ձերբակալված է, դեռ չի նշանակում, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված է։ Դա նույնն է, ինչ եթե ասենք՝ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, քանի որ գիտենք՝ ովքեր են կրակողները։ Այս առումով ակնհայտ է, որ այն իրական հանգամանքները, որոնք բերել են այս ոճրագործությանը, դեռեւս չեն բացահայտվել։

Եթե ոչինչ չավելացնեմ, մի բան պարզ է. մենք գործ ունենք հանցավոր անգործության, լռության, տեղեկացված լինելու եւ այդ մասին չտեղեկացնելու իրավիճակի հետ։ Եվ, ինչու ոչ, նաեւ հովանավորչության հետ։ Քանզի հայտնի է՝ ում են մեղադրում՝ 20 տարեկան մի երիտասարդի, որն ընդհանրապես որեւէ կապ չի ունեցել Վալոդյա Գրիգորյանի հետ։ Սա փորձ է հանրությանը ներկայացնել սպանությունը որպես «հաշվեհարդար», ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանը, իրական հանցագործությունը կոծկելու նպատակով։

Ես համոզված եմ, որ թե՛ «Ժողովուրդ» օրաթերթը իր պահանջատիրական կեցվածքով, թե՛ հանրությունը, եւ, իհարկե, ես  շարունակելու ենք պահանջել գործի ամբողջական բացահայտում։

-Տիկին Թանդիլյան, շրջանառվում են ենթադրյալ պատվիրատուների անուններ։ Դուք անձամբ կասկածներ ունե՞ք որեւէ անձի կամ շրջանակի վերաբերյալ։

-Առաջին օրերից ասել եմ՝ այս սպանությունը կարող էր ունենալ տարբեր մոտիվներ, եւ բոլոր հնարավոր տարբերակները պետք է մանրակրկիտ քննվեն։ Ցավով պետք է նշեմ, որ հենց առաջին իսկ օրը երկրի վարչապետը հայտարարությամբ փաստացի ուղղորդեց քննությունը՝ անվանելով դեպքը «հաշվեհարդար»։ Ես անմիջապես նշել էի, որ ենթադրյալ կատարողը որեւէ առնչություն չունի Վալոդյա Գրիգորյանի հետ, եւ նման որակումը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը։ Այդ հայտարարությամբ վարչապետը, ըստ էության, ազդել է քննության ուղղության վրա։

Կա՞ այստեղ քաղաքական մոտիվացիա։ Ո՞վքեր են շահառուները։ Եթե սկսենք նրանց առանձնացնել, բազմաթիվ ուղղություններ եւ շահեր կբացվեն։

-Փետրվարի 5-ի դեպքերից հետո նկատվում էին դժգոհություններ քննության ընթացքից։ Ընտրություններից հետո Փարաքարում լարվածություն զգացվո՞ւմ էր։

-Վալոդյա Գրիգորյանը բոլորի կողմից հայտնի էր որպես համերաշխության ջատագով։ Որեւէ լարվածության մասին տեղեկություն մենք չունեինք, եւ մեր շփումներում նման թեմաներ երբեք չեն բարձրացվել։ Սա կարեւոր է շեշտել, որովհետեւ երբ փետրվարի 5-ի դեպքերը փորձում էին արհեստականորեն կապել Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի կամ շրջապատի հետ, դա իրականությանը չէր համապատասխանում։

Վալոդյա Գրիգորյանը նման լարվածություն պարզապես չէր էլ նկատել եւ, հտեւաբար, չէր կարող որեւէ վտանգ կանխազգալ։ Այո, փետրվարի 5-ին սպանություն էր տեղի ունեցել, որը մինչ օրս չի բացահայտվել, եւ այդ հանգամանքը, ինքնին կարող էր լարվածության պատճառ դառնալ համայնքում։ Սակայն դա ոչ մի կերպ առնչություն չուներ Վալոդյա Գրիգորյանի գործունեության կամ այն հարգանքի ու հեղինակության հետ, որ նա վայելում էր իր համայնքում։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս