ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ընդհարումից հետո անցնելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: Բանն այն է, որ Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունները բավականին լարված են արդեն երկար ժամանակ: Հանձնաժողովի նիստերին նրանք երբեմն հրապարակային էին ընդհարվում, իսկ վերջին կաթիլը եղավ այն, որ Քոչարյանը թույլ չտվեց Հայկ Սարգսյանի՝ «բանակից ազատվելու» մասին օրենքի նախագծին իր ղեկավարած հանձնաժողովը դրական եզրակացություն տա:
Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 13-ին, երբ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Հայկ Սարգսյանը նախագիծն էր ներկայացնում, Քոչարյանը հորդորել էր Սարգսյանին փաթեթը հանել օրակարգից: Նրանց միջեւ թեժ վիճաբանություն էր տեղի ունեցել, որից հետո Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին: Այդ պահից սկսած՝ Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը խորացավ:
Հայկ Սարգսյանի պահվածքը, սակայն, տարակուսելի է մի քանի հանգամանքներով պայմանավորված։ Նախ՝ Հայկ Սարգսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենամոտ պատգամավորներից։ Նա ոչ միայն վարչապետի հետ հաճախ է տարբեր միջոցառումների մասնակցում, այլեւ մշտապես ներկա է «հեծանիվ քշելու» ակցիաներին։ Երկրորդ, երբ Սարգսյանը Սիմոնյանին մեղադրում է ընկերական կապերը եւ բիզնես շահերը սպասարկելու համար, շատ լավ գիտի, որ նույն մեղադրանքի սլաքները կարող են ուղղվել հենց Նիկոլ Փաշինյանի աներորդի, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Ծիրանյանի, Սիսակ Գաբրիելյանի եւ այլոց դեմ։ Վերջիններս եւս նույն օղակներով սատարել են Սիմոնյանի (ըստ Հայկ Սարգսյանի) բիզնես շահ սպասարկող դիրքորոշումները։
Այս ամենի արդյունքում Ալեն Սիմոնյանը փաստացի ոչ միայն պաշտպանված է մնում իր թիմակիցներով, այլեւ դառնում է ավելի հարձակողական։ ՔՊ-ի վերջին հայտարարությունը դրա վկայությունն էր. կուսակցությունը տարածեց մոլորեցնող տեղեկություն, թե Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել ՔՊ-ից։ Մինչդեռ ArmLur.am-ը գրել էր, որ Սարգսյանի նկատողությունը տրվել է դեռեւս ապրիլին, ոչ թե օրերս։
Սակայն պատմությունը չի ավարտվում միայն Սիմոնյան-Սարգսյան հակամարտությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ շատ շուտով այս հակամարտությունը կթեւակոխի նոր փուլ. Հայկ Սարգսյանը պատրաստվում է գրոհել նաեւ Անդրանիկ Քոչարյանի դեմ։ Վերջինիս հետ, հիշեցնենք, կապված են «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի հետ տարբեր չպարզաբանված հարցեր, եւ կուսակցական շրջանակում նա բազմիցս դավեր է նյութել իր մրցակիցների դեմ։ Աղբյուրները շեշտում են, որ հաջորդ «ռաունդում» շատ հնարավոր է ականատես լինենք «Հայկ Սարգսյան ընդդեմ Անդրանիկ Քոչարյան» բախմանը։
Կիրակի օրը Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցածը կրկին հիշեցրեց, թե ինչպես է պետական համակարգը աստիճանաբար վերածվում կուսակցական գրասենյակի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տնօրենության աշխատասենյակում հավաք է կազմակերպել՝ պահանջելով ապահովել ՔՊ-ի անդամների ներկայությունը։ Հիվանդանոց այցելած բուժաշխատողները սպասել են, որ նախարարն առիթը կօգտագործի մասնագիտական խնդիրներ լսելու, բաժիններում շրջելու, բժշկական անձնակազմի հետ առողջապահական հարցեր քննարկելու համար, բայց նախարարը հերթական կուսակցական քարոզարշավն է արել։ Նա փոխանակ քաղաքականությունից հեռու եւ չեզոք պահի բուժհաստատությունը՝ այն վերածել է կուսակցական հավաքատեղու, ինչը բժշկական համայնքի վստահությունն է նվազեցնում նույն նախարարության նկատմամբ։ Հարց է ծագում. եթե առողջապահության թիվ մեկ պատասխանատուն բժշկական կենտրոն է մտնում ոչ թե մասնագիտական խնդիրների լուծման, այլ քարոզչության համար, ապա ո՞վ պիտի զբաղվի առողջապահությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ սեպտեմբերի 23-ին՝ երեքշաբթի օրը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն կազմակերպում է ամենամյա դարձած «Ժողովրդավարության հայկական ֆորումը»: Կարեւոր հարթակ, որը պիտի քննարկի ժողովրդավարության զարգացման հեռանկարները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկա են լինելու ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ: Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է նախորդ ֆորումներին, սպասվում է, որ այս ֆորումին էլ կմասնակցի: Սակայն այս տարվա միջոցառումն առանձնահատուկ խորհրդանշական է, քանի որ դրան նախորդում են իշխանության ներսում ու շուրջը տեղի ունեցող քրեական դրսեւորումներ: 2023-ին ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում բացահայտ սպառնաց կտրել ՄԻՊ-ի թեկնածու Էդգար Ղազարյանի ականջներն ու լեզուն, սակայն իրավապահները «հանցակազմ չտեսան»։ 2024-ի սեպտեմբերի 8-ին նա խուլիգանական բառապաշարով թիրախավորեց կին ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին. պատգամավորի էթիկան խախտելու համար նա ցայսօր անպատիժ է: 2023 թվականի ապրիլի 2-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց, որ իր թիկնապահները բռնեն քաղաքացու ձեռքերը եւ թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա: Մինչ օրս անպատիժ է: 2024 թվականի ապրիլի 16-ին քաղաքացի Սամվել Վարդանյանը ոստիկանների հսկողության տակ դաժան ծեծի ենթարկվեց դիմակավորված խմբի կողմից. ենթադրվում էր, որ գործողությունը կազմակերպվել էր ՔՊ պատգամավորի «պաշտպանության» համար։ Այս դեպքերը փաստում են, որ ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարությունների ներքո Հայաստանը սահում է դեպի «կրիմինալապետություն», որտեղ բռնությունը ոչ թե պատժվում է, այլ դառնում քաղաքական մշակույթի մաս։
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանին քննչական կոմիտեն պատրաստվում է ծանուցում ուղարկել՝ հրավիրելով հարցաքննության։ Նրան վկայի կարգավիճակով կհարցաքննեն Վերոնիկա Մելիքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վերոնիկա Մելիքյանը հայտնել էր, որ Սուրեն Թովմասյանի մտերիմները առեւանգել են իր ամուսնուն, տարել ու դաժանաբար ծեծել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանը եւս պատրաստվում է քննչական կոմիտեում հարցաքննվելու ժամանակ հաղորդում ներկայացնել տուժող, ծեծված Արթուրի դեմ, որը հայհոյախառն հաղորդագրություն էր ուղարկել իրեն։ Ստացվում է, որ Կոմիտեում նոր քրեական գործ է հարուցվելու՝ այս անգամ ծեծվածի նկատծամբ: Հիշեցնենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) եւ 191-րդ հովածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելը): Կատարվում է նախաքննություն։



















































































