Armenian text to speach

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ. «ՎԱԼՈԴՅԱՆ ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՐ ԷՐ». ԹԱՆԴԻԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գտնվում էր Փարաքար համայնքում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի գիշերը (կեսգիշերին մոտ) ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երեւանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Դրա հետեւանքով զոհվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը եւ նրա ընկերը։

Տեղում «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հետ։

-Տիկի՛ն Թանդիլյան, ի՞նչ գնահատական կտաք այս ողբերգական դեպքի վերաբերյալ։ Կարելի՞ է սա դիտարկել որպես վենդետա՝ կապելով այն յոթ ամիս առաջ Մերձավանում ստեղծված լարված մթնոլորտի հետ, ինչպես նաեւ Վալոդյա Գրիգորյանի համոզիչ հաղթանակի հետ, երբ Փարաքարի համայնքապետի ընտրություններում նա ընտրվեց համայնքապետ։ Ըստ էության, կրքերը Փարաքարում կարծես թե չեն հանդարտվել։

-Նման տեղեկությունների հաստատումը կամ հերքումը իրավապահների գործն է։ Բայց մեկ բան հստակ է. հասարակության մեջ ապօրինի զենքի ահռելի քանակ կա, մինչդեռ իշխանությունները զբաղված են իրենց անպատասխանատու գործերով՝ հոգալով սեփական անվտանգությունը, իսկ հանցագործներին թողնելով ազատության մեջ։ Փոխարենը՝ կազմակերպում են «ֆեյք» դատավարություններ ու մարդկանց անհիմն ձերբակալում։ Սա ապացույց է, որ իրենք իրենց տեղում չեն։ Եթե այս սպանությունը չբացահայտվեց, նրանք երկար ժամանակ պետք է պատասխան կտան։

Վալոդյա Գրիգորյանի ընտանիքը համեստ ու ազնիվ ընտանիք է, եւ ոչ ոք նրանցից չէր արժանի նման դժբախտության։ Վալոդյան ինքը համեստության տիպար էր, մեր լավ ընկերն էր։ Այն, ինչ կատարվեց նրա հետ, չի ներվելու։ Իշխանությունները պարտավոր են բացահայտել հանցագործությունը եւ ցույց տալ, որ իսկապես փնտրում են իրական մեղավորներին, ոչ թե կատարում քաղաքական պատվերներ։

-Տիկի՛ն Թանդիլյան, ընտրություններից հետո կապի մեջ եղե՞լ եք պարոն Գրիգորյանի հետ։ Նա երբեւէ մտահոգություն կամ անհանգստություն հայտնե՞լ է, որ փորձ է արվում իր նկատմամբ վենդետա իրականացնելու. քանի որ դեռ յոթ ամիս առաջ նույնպես կրակոցներ հնչեցին, սակայն իրավապահների տեսադաշտում հայտնվեցին միայն Գրիգորյանի կողմնակիցները, մինչդեռ իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը չկասկածվեց։ Մենք հետեւել ենք ամբողջ քրեական վարույթին, եւ բազմաթիվ ահազանգեր կային, որ արդար քննություն չի իրականացվում։ Ինչո՞ւ պետք է ընդդիմադիր կողմի մարդիկ հայտնվեն մեղադրյալի աթոռին, իսկ իշխանական թիմակիցները մնան անպատասխան։

-Սա հետեւանք է անարդարության։ Երբ ոստիկանությունը չի կատարում իր գործառույթները եւ արդարադատությունը չի գործում, նման ողբերգություններ են լինում։ Վալոդյայի հետ զոհվել է նաեւ նրա ոստիկան ընկերը, այսինքն՝ ոստիկաններն անգամ ի վիճակի չեն հասկանալու, թե ինչ է կատարվում։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո մեր կապին, ապա, այո՛, մենք կապի մեջ եղել ենք։ Վալոդյան ամբողջովին կենտրոնացած էր Փարաքարի զարգացման վրա եւ զբաղված էր բացառապես համայնքային խնդիրներով։

Ես չեմ կարող հստակ գնահատել, թե ինչ շղթայի մաս է այս դեպքը, բայց ոստիկանությունը պարտավոր է հայտնաբերել ապօրինի զենք ունեցողներին։ Կան տեսանյութեր, անհնար է, որ չկարողանան բացահայտել հանցագործությունը։ Միայն ցանկության բացակայության դեպքում դա կմնա չբացահայտված։

Ոստիկանությունը օրուգիշեր պետք է զբաղվի այս գործով։

Մենք չենք կարող ապրել մի հասարակության մեջ, որտեղ փողոցում հաշվեհարդար են տեսնում համեստ, իրենց գործին նվիրված, հայրենասեր մարդկանց հանդեպ։

Հիշեցնենք. Փարաքար համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը մարտին հաղթանակ էր տարել ընտրություններում: Գրիգորյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը ստացել էր ձայների ավելի քան 57 տոկոսը:

Այստեղ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս