«Ժողովուրդ» օրաթերթը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աղմկահարույց զեկույցի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ։
-Պարո՛ն Նորիկյան, «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ Անդրանիկ Քոչարյանը «44-օրյա պատերազմի…» քննիչ հանձնաժողովի անդամներից թաքցնում է հանձնաժողովի զեկույցը, եւ դրա բովանդակությունը նրանց անհայտ է մնացել։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։ Խնդրում ենք նաեւ անդրադառնալ հանձնաժողովում Ձեր մասնակցությանը։
-Չեմ կարող հաստատել կամ հերքել Ձեր մատնանշած տեղեկությունը, քանի որ իրավական կարգավորումները բոլորովին այլ են։ Այդ հանձնաժողովը հենց ինքը պետք է կազմեր զեկույցը։ Անտրամաբանական է՝ ինչու է Անդրանիկ Քոչարյանը թաքցրել զեկույցը հանձնաժողովի անդամներից, ինչ պատճառաբանությամբ: Հանձնաժողովի անդամներն ի պաշտոնե պարտավոր էին ծանոթ լինել զեկույցի բովանդակությանը, եթե նրանք իրապես չեն մասնակցել զեկույցի պատրաստմանը, ապա նշանակում է, որ զեկույցը փաստացի կազմվել է այլ տեղում, այլ անձանց կողմից, իսկ հանձնաժողովի անդամները բովանդակային մասնակցություն չեն ցուցաբերել։
Ստացվում է՝ հանձնաժողովի անդամները չեն մասնակցել զեկույցի կազմմանը, հանձնաժողովը չի կատարել իր հիմնական գործառույթը։
Ինչ վերաբերում է իմ՝ մեր մասնակցությանը. երբ 2022-2023 թվականներին թեման նորից շրջանառության մեջ դրվեց, հակախորհրդարանական քաղաքական ուժերի ձեւաչափը որոշում կայացրեց, եւ ես այդ որոշումը մինչ այսօր էլ ճիշտ եմ համարում։ 44-օրյա պատերազմի հանգամանքները չեն բացահայտվել, քանի դեռ մենք հստակ չենք պատասխանել երկու հիմնարար հարցի՝ ինչու եւ ինչպես սկսվեց պատերազմը, եւ ինչն էր պարտության պատճառը։
Առանց այդ պատասխանների մեր պետությունը մնալու է թերի, հոգեբանորեն ընկճված վիճակում, եւ զարգացման հիմքեր չեն կարող ձեւավորվել։
Ես այդ մասին ասել եմ նաեւ Եռաբլուրում՝ ԶԼՄ-ների ներկայությամբ։ Ասել եմ, որ հանձնաժողովի աշխատանքները միայն իշխանական թիմը չպետք է իրականանցնի, որպեսզի չդառնա ինքն իր գործունեությունը գնահատող մարմին:
Դրանով էր պայմանավորված, որ մենք որոշում կայացրինք տարբեր ուժերի ձեւաչափով մասնակից դառնալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությանը, քանզի մաքսիմալ օբյեկտիվություն էինք ուզում ապահովել:
Մասնավորապես իմ վերաբերյալ նկատեցի, որ կարգավիճակի հստակեցման խնդիր կա: Ըստ որոշման՝ հանձնաժողովին պետք է մասնակցեին երեք անձինք՝ Սամվել Բաբայանը, Դավիթ Սանասարյանը եւ ես։ Սակայն ըստ էության ես եւ Սամվել Բաբայանը միայն մեկ անգամ ենք հրավիրվել Ազգային ժողով, եւ դրանով մեր մասնակցությունը սահմանափակվել է։ Դա պարզապես նիստ էր, ոչ թե իրական աշխատանքային գործընթաց. որեւէ նյութ չի ուսումնասիրվել, որեւէ փաստական աշխատանք չի տարվել։
Երբ պահանջեցի հստակեցնել իմ կարգավիճակը հանձնաժողովում, ինձ պատասխանեցին, որ կարող եմ մասնակցել որպես փորձագետ։ Սակայն դա իրավական առումով սխալ մոտեցում էր. ես փորձագետ չեմ, ես մասնակից եմ եղել որպես քաղաքական միավորի ղեկավար: Ուստի, հասկանալով, որ իմ կարգավիճակը հակասում է հանձնաժողովի սահմանված ձեւաչափին, ես ինքս հրաժարվեցի մասնակցությունից։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ























