Առաջիկայում կստեղծվի ՀԱՊԿ անդամ պետությունների կենսագործունեության վրա ազդող կիբերսպառնալիքների հակազդման կենտրոն: Այս մասին Եկատերինգուրգում Եվրասիական երիտասարդական տնտեսական ֆորումի բացմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր տեղեկատվական գործունեությունը զենք է: Առանց զինված ուժերի օգտագործման՝ համարյա միայն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ապակայունացվում է իրավիճակը, որը ինչ-որ տեղ հանգեցնում է ռեժիմի բռնի փոփոխության: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ-ը քայլեր է ձեռնարկում տեղեկատվական անվտանգության ոլորտում: Կարող եմ ասել, որ այսօր տեղեկատվական հակամարտությունը եւ անվտանգությունը ՀԱՊԿ ձեւաչափում առաջնահերթ ուղղություն են ձեռք բերում», – ասել է գլխավոր քարտուղարը:
Հավելենք, որ Եվրասիական երիտասարդական տնտեսական ֆորումի մասնակիցները հուշագիր են ստորագրել ՀԱՊԿ Համալսարանական լիգա ստեղծելու վերաբերյալ, որը նոր հարթակ պետք է դառնա կազմակերպության երկրների խելացի երիտասարդության սերուցքի համախմբման համար: Ֆորումի շրջանակում տեղի է ունենում նաեւ ՀԱՊԿ երկրների եւ «Ռոսիա սեգոդնյա» լրագրողների միջազգային դպրոցի առաջին երիտասարդական ֆորումը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Մերձդնեստրի եւ Ռուսաստանի մեդիա ոլորտի երիտասարդ մասնագետների համար: