Armenian text to speach

Արցախի թեմի առաջնորդը պատրա՞ստ է ընդունել իր ժողովրդին․ Թեմական խորհուրդն այլևս պատասխանատվություն չի կրում Վրթանես Սրբազանի քայլերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումից հետո՝ նոյեմբերի 29-ին նրանք հանդես եկան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու կոչով։

Արցախահայության շրջանում ցասում ու զայրույթ է առաջացրել այն, որ Վրթանես Սրբազանը, նախ, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, սեղմել նրա ձեռքը, ապա՝ միացել այն եպիսկոպոսներին, որոնք պահանջում են Վեհափառի ինքնակամ հրաժարականը։

Արցախի թեմի թեմական խորհուրդն այս առնչությամբ հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը։

Մի շարք արցախցիներ էլ որոշել էին գնալ Արցախի թեմի առաջնորդարանի մոտ՝ բողոքի ցույց անելու, սակայն քաղաքական գործիչներն ու Խորհուրդը չեն ողջունել այն՝ կարծելով, որ դրանով կշարունակեն Նիկոլ Փաշինյանի սկսած գործը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։

Արցախահայությունն առ այս պահը փորձում է ճանապարհներ գտնել՝ հանդիպելու Վրթանես Սրբազանի հետ։ Պատրա՞ստ է Արցախի թեմի առաջնորդն ընդունել իր ժողովրդին։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Վրթանես Սրբազանը քննարկել է Արցախում ոչնչացվող հազարավոր վանքերի ու եկեղեցիների պահպանման խնդիրը։

Այս հարցերի պատասխանները ստանալու համար արդեն մի քանի օր է, ինչ ArmLur.am-ը փորձում է իմանալ հենց Վրթանես Սրբազանից, սակայն նա մեր զանգերին այլևս չի պատասխանում։

Մանրամասներ իմանալու համար՝ ArmLur.am-ը դիմեց Արցախի թեմի թեմական խորհուրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանին։

«Տեղյակ չեմ։ Ընդհանրապես, իր հետ կապված բոլոր հարցերն ուղղեք իրեն։ Թեմական խորհուրդն ու թեմական խորհուրդի անդամները պատասխանատվություն չեն կրում իր քայլերի համար։ Թեմի անդրադարձը եղել է, հայտարարությունն արել եմ ես և թեմական խորհուրդից որևէ մեկը առարկություն չի ունեցել հայտարարության վերաբերյալ։ Մեզ համար շատ անսպասելի էր նրա այս կեցվածքը, և մենք նրա հետագա քայլերի համար այլևս պատասխանատվություն չենք կրում»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Արցախի թեմի թեմական խորհուրդի ատենապետի համար նաև բավականին զարմանալի էր այն, որ Վրթանես Սրբազանը հեռախոսազանգերին չի պատասխանում։

 

Նանիկ Աղասյան




Լրահոս