ՀՌԱՀ-Ն ԱՆՏԵՐ Է՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզային  «Տավուշ» հեռուստաընկերությունում արդեն երկար ժամանակ է` եթեր է հեռարձակվում մի հաղորդում, որն իբրեւ թե կրոնական բնույթի է, սակայն ընդհանրապես կապ չունի հայ առաքելական եկեղեցու հետ: Ու հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը փորձ էլ չի անում հետաքրքրվելու` արդյո՞ք աղանդավորականների քարոզչությունն է հեռարձակվում:
Հաղորդումը կոչվում է «Հայտնություն», այն եթեր է հեռարձակվում երեկոյան ժամերին: «Ժողովուրդ»-ին զանգահարած Տավուշի բնակիչները պատմեցին, որ այդ հաղորդումն այնպիսի բաներ է քարոզում, որոնք շատ հեռու են քրիստոնեությունից: Մեր զրուցակիցները նշեցին, որ Տավուշի մարզում շատ են աղանդները, եւ այդ հաղորդումն էլ կարծես նպաստում է մարզում  աղանդների էլ ավելի տարածմանը:
«Իսկապես էդ հաղորդումը փչացնում ա մարդկանց, չգիտեմ` դուք տեղյակ եք, թե չէ, բայց էսօր մեր մարզում աղանդավորները շատ-շատ են, էդ աղանդների պատճառով մարդիկ ինքնասպան են եղել, չգիտեմ` ինչերի են դիմում, գոնե հեռուստաընկերությունները նման բան չթույլատրեն, իրանք ավելի են նպաստում, որ էդ աղանդները զարգանան: Ամեն օր` երեկոյան ժամերին, գոնե նորմալ հաղորդում ցուցադրեն` հայրենասիրական, դաստիարակչական, դրել ինչ-որ բան են քարոզում, որով մեր ժողովրդին փչացնում են»,-վրդովված պատմեց Տավուշի մարզի մի բնակիչ, որը չցանկացավ ներկայանալ` խնդիրներից խուսափելու համար:
Մեր տեղեկություններով` Տավուշի մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Ղուլարյանը հեռուստաընկերությունում բաժնեմաս ունի: Ուստի փորձեցինք զրուցել նրա հետ` պարզելու համար, թե հեռուստաընկերությունում բաժնետեր լինելով` ինչու է թույլատրում Տավուշի մարզում նման հաղորդում հեռարձակել եւ աղանդավորություն քարոզել: Վերջինս, ինչպես միշտ, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Նկատենք, որ մարզպետի համար հեռախոսազանգերին չպատասխանելն արդեն սովորություն է դարձել:
Սակայն քանի որ մեր երկրում, այնուամենայնիվ, գոյություն ունի այդ հարցերը վերահսկող մարմին` ի դեմս հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի,  փորձեցինք դիմել հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին` պարզելու խնդրի վերաբերյալ նրա տեսակետն ու իր ղեկավարած կառույցի ձեռնարկած քայլերը:
Զանգահարեցինք ՀՌԱՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղ ուղիղ մեկ շաբաթ մեր հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց` տեղում մարդ չկար: Թե ուր է անհետացել ՀՌԱՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լիլիթ Գազազյանը, մեզ համար անհասկանալի է: Ստիպված եղանք զանգահարել ուղիղ ՀՌԱՀ-ի ղեկավար Գրիգոր Ամալյանին:  Վերջինս շատ «հուզված» եւ չոր տոնով «քթի տակ» ինչ-որ բան ասաց եւ անջատեց հեռախոսը: Զանգահարեցինք կրկին: «Իսկ ինչի՞ եք իմ անձնական համարին զանգում, մամուլի ծառայություն զանգե՛ք»,-ասաց եւ կրկին անջատեց հեռախոսը: Մեր հաջորդ զանգին պնդեցինք, թե «Ձեր լրատվության վարչությունն արդեն մեկ շաբաթ է` մեր հեռախոսազանգերին չի պատասխանում»: «Ո՞վ ա խոսում, «Ժողովուրդ» թերթի՞ց ես, ինչի՞ ես իմ ձեռքի վրա զանգում, դու չես կարա ինձ բացատրես, քու կրթությունն ու դաստիարակությունը թույլ չի տալիս… ախչի՛, զանգի՛ մամուլի ծառայություն»,-հիստերիկ ձայնով ասաց Ամալյանն ու կրկին անջատեց հեռախոսը:
Եթե ՀՌԱՀ-ը նման ղեկավար ունի, որն իր պահվածքով անգրագետ ու բռի անձնավորության է հիշեցնում, արդեն կարելի է եզրակացնել, թե իր ղեկավարած կառույցն ինչ վիճակում է գտնվում: Դրա համար էլ եթերից շարունակում են աղբ ցուցադրել, իսկ ՀՌԱՀ-ն ուղտի ականջում քնած է: Բայց սա ուրիշ թեմա է:
«Ժողովուրդ»-ը զանգահարեց նաեւ «Տավուշ» հեռուստաընկերության ղեկավար Վարդան Անանյանին` պարզաբանումներ ստանալու, թե ինչու է եթերաժամ տրամադրում աղանդավորներին: Այս պարոնը, չկողմնորոշվելով, թե ինչ պետք է պատասխանի, սկսեց կասկածել, թե արդյոք մենք «Ժողովուրդ» օրաթերթից ենք. «Հաղորդումը հոգեւոր հաղորդում ա, որտեղի՞ց էդքան գիտեք, որ քրիստոնեական հաղորդում չի, ի՞նչ գիտեք` ինչ հաղորդում ա, եթե Դուք ասեք` ով ա ասել, ես էլ Ձեր հետ դիալոգի մեջ կմտնեմ ու կխոսեմ Ձեր հետ: Կարո՞ղ եք քաղաքացիների անունները տաք, այդպիսի բան չի կարա լինի, որովհետեւ մենք հարցումներ ենք անցկացնում ու գիտենք, որ այդ հաղորդումը նայում են, Դուք հիմա հեռախոսով խոսում եք, եւ ես հիմա չգիտեմ` Դուք ով եք, եւ ես Ձեզ չեմ կարող ինֆորմացիա տրամադրել»:
Անանյանը կտրականապես հրաժարվեց մեզ հետ զրուցել` պատճառաբանելով, որ ինքը վստահ չէ, որ իր հետ լրագրող է խոսում:  Ինչ խոսք, «ցրելու» վատ ձեւ չէ:
Զրուցեցինք նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ` ճշտելու` արդյոք եկեղեցին է պատվիրել նման հաղորդում հեռարձակել հեռուստատեսությամբ. «Մենք նման պրակտիկա չունենք, որ նման հաղորդումներ պատվիրենք, հեռուստաընկերությունների վրա մենք  չենք կարող ներազդել, իրենք ազատ են, ինչ-որ իրենք են կամենում` հեռարձակում են, դա իրենց իրավասության մեջ է մտնում, իրենք անկախ հեռուստաընկերություններ են»:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահեցրեց, որ եթե իրենք ահազանգ են ստանում, թե նման հաղորդումներ են հեռարձակվում, որը գայթակղություն է, իրենք արդեն սկսում են հետաքրքրվել, թե արդյոք դա այդպես է: Նա խոստացավ  արձագանքել նաեւ մեր ահազանգին:
Հ.Գ. Իսկ ինչ վերաբերում է ՀՌԱՀ ղեկավար Գրիգոր Ամալյանի պահվածքին եւ լրագրողի հետ շփվելու նրա «կրթությանն ու դաստիարակությանը», դա արդեն լրիվ այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

շարունակելի
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս