«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեղերի գնումների ոլորտում միայն 2014-ին` 186 մլն 672 հազար դրամի խնայողություններ են արվել՝ մասնավորապես ինսուլինի ձեռքբերման դեպքում (մեկ սրվակը 1640 դրամով` նախկին 4800-ի փոխարեն)»,- այս հայտարարության հեղինակը ՀՀ առողջապահության նախարարությունն է: Թվում է, որ իսկապես ողջունելի իրավիճակ է: Սակայն իրականում այս «գեղեցիկ խոսքերի» հետեւում մարդկային ճակատագրեր են խեղվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱՆ արդեն նախկին նախարար Դերենիկ Դումանյանի հրահանգով անցալ տարվա հոկտեմբերին ինսուլին ձեռք բերելու համար հնգամյա պայմանագիր է կնքվել դանիական «Նովո-Նորդիսկ» ընկերության հետ: Սակայն բժիշկներն ուսումնասիրել են եւ պարզել, որ դանիական ընկերության մատուցած ինսուլինն իրականում բելառուսական լցոնում ունի, դրա համար էլ լավ չի օգնում շաքարային դիաբետով հիվանդներին: Սակայն մարդիկ ստիպված են լինելու հինգ տարի այդ անորակ դեղն օգտագործել: «Ժողովուրդ»-ը ԱՆ-ից հետաքրքրվեց, թե ինչու է պայմանագիրը 5 տարի ժամկետով կնքվել: Նախարարի մամլո խոսնակը կարճ պատասխանեց. «Մենք ստանում ենք միայն դանիական արտադրության մարդկային ինսուլին»»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: