ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ` ՄԵԿ ՀՈԳԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախաքննությամբ հաջողվել է բացահայտել հրազեն կիրառած 1 անձի, ով անկարգությունների ժամանակ կրակել է օդ»,- «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասաց մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ քննիչ Վաղինակ Ջանազյանը` խոսելով 2008-ի մարտի 1-ի ողբերգությունների մասին:
-Սերժ Սարգսյանը մարտի 1-ի գործի վերաբերյալ հանձնարարել էր ակտիվացնել նախաքննությունն ու ընդգծել, որ ակնկալում է նոր թափ եւ ակտիվացում բացահայտումների հարցում: Այս ողջ ընթացքում ի՞նչ է արվել մարտի 1-ի բացահայտման համար, եւ ինչո՞ւ առ այսօր չեն բացահայտվել մարտի 1-ի 10 սպանությունների մեղավորները:
-Քրեական գործով օբյեկտիվ իրականության եւ բոլոր մեղավոր անձանց բացահայտումը եղել եւ մնում է նախաքննական մարմնի առաջնային խնդիրը: Եւ նախաքննությունը շարունակվելու է, քանի դեռ չեն պարզվել հասարակությանը հուզող հիմնական հարցերի պատասխանները: Ինչ վերաբերում է նախագահի հանձնարարությունից հետո կատարված աշխատանքներին, ապա ասեմ, որ այս ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, հարցաքննվել են շուրջ 300 վկաներ, կատարվել են լրացուցիչ հարցաքննություններ (հիմնականում լրացուցիչ հարցաքննվել են ոստիկանության աշխատակիցները), ստացվել եւ ուսումնասիրվել են մի քանի հազար հեռախոսահամարներից կայացած հեռախոսազանգերի վերծանումներ: Օպերատիվ մարմիններին տրվել են մի շարք ցուցումներ, հանձնարարություններ՝ առավելապես 10 անձանց մահվան հանգամանքները բացահայտելու վերաբերյալ: Անկեղծ ասեմ, որ նախաքննության արդյունքները մեզ էլ լիարժեք չեն գոհացնում, եւ ակտիվ քննչական գործողություններն առաջիկայում եւս կշարունակվեն: Ակնկալում ենք նաեւ ոչ միայն օպերատիվ մարմինների, այլեւ քաղաքացիների ակտիվ համագործակցությունը:
-Ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում այսօր բացահայտել մարտի 1-ի սպանությունը, օրինակ` ընդդիմությունը պնդում է, որ այդ հարցում չկա բավարար քաղաքական կամք:
-Քրեական գործով նախաքննությունն ու քաղաքականությունը տարբեր հասկացություններ են, եւ ընդհանրապես պետք է  նկատեմ, որ որեւէ քրեական գործի քաղաքական երանգ հաղորդելը, քաղաքականացնելը չի կարող նպաստել քրեական գործի նախաքննության արդյունավետությանը: Ես իրավաբան եմ, քննիչ եւ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում: Կարող եմ փաստել, որ որպես քննչական խմբի նոր ղեկավար` նույնպես շահագրգռված եմ մահվան բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտման հարցում:
-Օրինակ՝ առ այսօր պարզված չեն, թե իշխանությունից ով կամ ովքեր են մարտի 1-ին կրակելու հրաման տվել: Փորձելո՞ւ եք այս հարցի պատասխանը տալ, թե՞ ոչ:
-Մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ բազմաթիվ անձինք ստացել են հրազենային վնասվածք: Նախաքննությամբ հաջողվել է բացահայտել հրազեն կիրառած 1 անձի, ով անկարգությունների ժամանակ կրակել է օդ: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել` բացահայտել բոլոր հանգամանքներն ու անկարգություններին մասնակցած, հրազեն եւ պայթուցիկ սարքեր կիրառած բոլոր անձանց, ինչի արդյունքում կկարողանանք լիարժեք պարզել նաեւ մահվան բոլոր հանգամանքներն ու մեղավոր անձանց: Երբ պարզենք, այն ժամանակ էլ կիմանանք նաեւ Ձեր հարցի պատասխանը: Իսկ եթե հարցը վերաբերում է հատուկ միջոցների կիրառմանը, ապա նախաքննական մարմինը դա պարզել է դեռեւս 2008 թվականի ամռանը:
-Կարծես որեւէ մեկը չի պատժվել մարտի 1-ի` ոչ օրինաչափ գործողությունների համար, ինչի մասին նշված է ե՛ւ միջազգային զեկույցներում, ե՛ւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ:
-Այնքան էլ համամիտ չեմ Ձեր գնահատականին: Քրեական գործի նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելու դեպքի առթիվ եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա 4 ոստիկանի մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք վերաբերում էին ինչպես մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքին, այնպես էլ երեկոյան ժամերին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին: Քրեական գործերն ուղարկվեցին դատարան, եւ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Ներկայումս ունենք եւս 4 ոստիկան-մեղադրյալներ, ովքեր մեղադրվում են հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Անկեղծորեն ասեմ, որ նրանք մեղադրյալի կարգավիճակում են արդեն բավական երկար ժամանակ, եւ կարելի է ասել, որ ինչ-որ առումով հայտնվել ենք փակուղում: Ունենք հատուկ միջոցի կիրառման հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացած 3 անձ եւ 4 ոստիկան, ովքեր օգտագործել են տվյալ տեսակի հատուկ միջոցը: Սակայն չենք կարողանում պարզել, թե նրանցից կոնկրետ ում կիրառած հատուկ միջոցի հետեւանքով են անձինք ստացել մարմնական վնասվածքներ: Տեսականորեն հնարավոր է, որ վնասվածքները պատճառվել են ինչպես 1, այնպես էլ 2 եւ ավելի ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից: Ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան, այդ թվում` տվյալ հատուկ միջոցն արտադրած երկրի փորձագետները չեն կարողանում կատարել նույնականացում:
-Ընդդիմադիր դաշտից տեսակետներ են հնչել, որ մարտի 1-ի բացահայտումը պետք է սկսել առավոտյան կատարված դեպքերից, մասնավորապես Ազատության հրապարակի ցուցարարների վրա հարձակումից. անգամ քրդատօրով նախատեսված կարգն է խախտվել այնտեղ զննություն կամ խուզարկություն անելիս:
-Քաղաքական գործիչների հնչեցրած քաղաքական գնահատականներն ու կարծիքները մեկնաբանել չեմ պատրաստվում: Նախաքննական մարմինը քննության առարկա է դարձրել կոնկրետ դեպքերն ու ապացույցները: Նախաքննության ընթացքում քննության են առնվել ոչ միայն մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները, այլեւ նախորդող դեպքերն ու հետագա զարգացումները: Առաջիկայում կհրապարակենք մանրամասն հաղորդում, եւ կարծում եմ` շատ հարցերի պատասխաններ կգտնեք այնտեղ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս